Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը դրական է եւ բխում է Հայաստանի շահերից: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուրարդ Շարմազանովը:

 

«Ավելին՝ թե՛ որոշ ընդդիմադիր առաջնորդների հրապարակային հայտարարությունները, թե՛ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկումներն ու քվեարկությունը ցույց տվեցին, որ խորհրդարանում առկա քաղաքական ուժերի մեծամասնությունը կողմ է իշխանությունների այս որոշմանը, այդ թվում նաեւ այն ուժերը, որոնց ներկայացուցիչները 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո իրար հերթ չտալով փորձում էին քննադատել մեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

 

Նրա խոսքով՝ հետեւությունը մեկն է՝ այսօր նրանք էլ իրենց քաղաքական վարքագծով ապացուցեցին, որ Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ իշխանությունների կայացրած որոշումն' անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը, բխում է երկրի պետական շահերից եւ ընդունվել է ճիշտ ժամանակին: