Անցնող օրվա առավել կարևորագույն իրադարձություններն ըստ՝ «Mediamall.am» լրատվականի.
Վարչապետը մտահոգության առիթներ ունի
Իշխանական ճամբարում բացի քաղաքական տարաձայնություններից վաղուց ընթանում է ևս մեկ ներքին պայքար: Խոսքս տեսակի կռվի մասին է, թե որ տեսակը պետք է գերիշխի՝ կի՞րթ, գրագե՞տ, ինտիլիգե՞նտ, թե՞ «քյարթու», «կիսագողական», կիսաքրեական կամ կիսաօլիգարխ:
Առաջին տեսակի ներկայացուցիչն էր և ի շահ առաջին տեսակի էր աշխատում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով, սակայն, չկարողացավ հաղթականած դուրս գալ ներքին պայքարում: Հովիկ Աբրահամյանը՝ որպես երկրորդ տեսակի երկրպագու, զբաղեցնելով վարչապետի աթոռը՝ միանգամից սկսեց հնարավորինս ազատվել Տիգրան Սարգսյանի կադրերից: Ավելին, նորընծա վարչապետի քայլերը կարծես ունեին հատկապես օլիգարխներին և իշխանության կիսաքրեական տարրերին հաճոյանալու նպատակ: Օրինակ, նրա առաջին քայլերից էլ շքեղության հարկի վերացումը, ինչն արդեն հասկանալի է, թե ում է ձեռնտու:
Թվում էր, թե Հովիկ Աբրահամյանն անխափան կշարունակի իշխանության ամբողջապես քրեականացման գործընթացը, բայց պարզվում է, որ Սերժ Սարգսյանին այդ տարբերակն էլ այդքան ձեռնտու չէ, և Վաչե Գաբրիելյանին նորաստեղծ նախարարության նախարար և երկրի փոխվարչապետ նշանակելը դրա վառ ապացույցը եղավ:Շարունակությունն՝ այստեղ:
***
Միացումից՝ անկախություն
88-ին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ «միացում» կարգախոսով հավաքվեցին այն ժամանակ Թատերական, հետո Ազատություն դարձած հրապարակում, արդեն ակնհայտ էր, որ յուրաքանչյուրս մեր մեջ հաղթահարել ենք սովետական պրոպագանդայի բարդույթը, որ հնարավոր է Ղարաբաղի գոյությունն Ադրբեջանի կազմում՝ որոշակի բարեփոխումների շնորհիվ:
Նախ, այլևս նախկինի նման չէինք հավատում կենտրոնական իշխանություն կոչվածին, որի բարեփոխումների քաղաքականությունը որևէ աղերս չուներ այն վանդալիզմի հետ, որ այդ օրերին տեղի էր ունենում Ադրբեջանում: Չէինք հավատում նաև Բաքվից հնչող «կեղծ ինտերնացիոնալիզմի» կոչերին:
«Միացում» կարգախոսը բխում էր մեր ազգային ինքնագիտակցությունից, ձգտումներից, պատմական արդարությունը վերականգնելու հրամայականից, բայց նաև հետևանք էր այն բանի, որ մենք տակավին չէինք հավատում Հայաստանի անկախության հեռանկարին ու ակնկալում էինք, որ Մոսկվան կսրբագրի 1921թ-ի իր պատմական սխալը ու Ղարաբաղի խնդրին կտա արդարացի լուծում՝ այն Հայաստանին վերամիավորելով:Շարունակությունն՝ այստեղ:
***
Սա արդեն «բեսպրեդել» է. Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին
Ազգային ժողովում այսօր շարունակեց քննարկել «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը:
Քննարկման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նիստին ներկա պատգամավորներին թռուցիկներ էր բաժանում, ինչը չվրիպեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աչքից: «Ես խնդրում եմ բնականոն աշխատանքը չխանգարել, և չի կարելի առանց թույլտվության թռուցիկներ բաժանել Ազգային ժողովում: Դա կարող էիք անել նախօրոք կամ վարման կարգի վերաբերյալ խոսք վերցնեիք: Վերջացրեք ձեր ապօրինի գործունեությունը»,- ասաց Սահակյանը:
Զարուհի Փոստանջյանը, սակայն, շարունակելով՝ գրությունից փոխանցեց նաև ԱԺ փոխնախագահներին և ԱԺ նախագահին:
«Սա արդեն «բեսպրեդել է»»,- մեկնաբանելով՝ ասաց Գալուստ Սահակյանը:
***
Բաներ ասացիք, որ տնտեսագիտության հետ կապ չունեն. Հրանտ Բագրատյանը՝ Սուրեն Կարայանին
Ազգային ժողովում այսօր շարունակվեց «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը:
Քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնարար Սուրեն Կարայանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Վերջինս նշեց, որ հիմնական զեկուցողին թեև ունի 44 հարց, սակայն կտա չորսը:
«Պարո՛ն Կարայան, Ձեր ելույթում բաներ ասացիք, որ տնտեսագիտության հետ կապ չունեն: Ասացիք, որ ԵՏՄ-ին միանալը տնտեսական աճ կտա լրացուցիչ 1.2-2 տոկոս, ճի՞շտ է, այսինքն՝ ինչքան աճի, երկու տոկոս ավել կաճի:
Այս մասին, օրինակ, Դուք կառավարությունում ասե՞լ եք: Կառավարությունը մեկ տարի առաջ ներկայացրել է բյուջե, և 2014-ին տվել էր 5.2 տոկոս աճ, նույն կառավարությունը տվել է 4.1 տոկոս 2015-ի համար: Այդ ո՞նց է աճելով պակասում 1.1 տոկոս: Սա մեկ հարց. մենք պետք է զգույշ լինենք և ճիշտը ասենք:
Ես ձեզ կխնդրեի ասել, թե ծանո՞թ եք կայուն տնտեսական տարածք հասկացությանը: Դուք երեկ ԵՏՄ-ն բնութագրեցիք կայուն տնտեսական տարածք: Դա խստորեն այսօր սահմանված է: Խոսում ենք մի բանի մասին, որը չափելի է մաթեմատիկորեն:Շարունակությունն՝ այստեղ:
***
Ի՞նչ է տեղի ունեցել մեկ գիշերվա ընթացքում. Նիկոլ Փաշինյանի հարցը՝ Ֆինանսների փոխնախարարին
Ազգային ժողովում այսօր շարունակվեց «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը:
Քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնարար Սուրեն Կարայանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.
«Վերջերս Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպել է հայ համայնքի հետ: Հրապարակված ձայնագրությամբ պարզվեց, որ երբ հարցրել են՝ ինչու չհարցրիք համայն հայության կարծիքը ՄՄ-ին անդամագրվելուց առաջ, պատասխանել է, մասնավորապես, ես չէի կարող մեկ գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել: Մեզ և հանրությանը չէի՞ք պարզաբանի, թե ինչ գիշերվա մասին է խոսքը և կներկայացնեի՞ք արդյոք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել այդ գիշերվա ընթացքում, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը»,- հարցրեց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ. «Գիտեմ, որ կասեք Հայաստանն ունի վետոյի իրավունք: Բայց նախորդ հայտարարությունները մի փոքր կասկածի տակ են դրվում այդ վետոյի իրացվելիությունը, որովհետև եթե վետո դնող լինեինք, մի գիշերվա մեջ ԵՏՄ չէինք մտնի, մի գիշերվա մեջ էլ այդ վետոն չենք կիրառի»
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ֆինանսների փոխնախարարն ասաց, որ երբևիցե մի գիշերվա ընթացքում լուրջ որոշումներ չի կայացվել: Այդ պրոցեսը տևել է տարիներ, ինքն էլ անձամբ ներկա է եղել այդ բանակցություններին, քննարկումներին:
***
Հայաստանը ԵՏՄ-ում լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ կունենա
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում կունենա լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ: Այս մասին Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին:
«Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում ստեղծելու է իր բյուջեն, որով ֆինանսավորելու է միության մարմինների գործունեությունը: Եվ, սկսած 2016թ. հունվարի 1-ից Հայաստանն այդ բյուջեից կվարի իր մասնաբաժինը, որը կկազմի այդ բյուջեի 1.13 տոկոսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարայանը:
Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցին, թե ԵՏՄ-ում մաքսային օրենսդրության հետ կապված կարգավորումներ իրականացնելու որոշումը որ մարմինն է ընդունում՝ Կարայանն ընդգծեց, որ ԵՏՄ-ն տնտեսական միություն է և չունի խորհրդարան, իսկ կարևոր որոշումները մշակվելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, հավանության են արժանանալու բոլոր մարմինների կողմից և պայմանագրերի տեսքով ներկայացվելու են միության անդամ երկրների խորհրդարանների վավերացմանը:
Ազգային ժողովը քննարկում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը պատասխանում է պատգամավորների հարցերին:
***
ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը բխում է Հայաստանի պետական շահերից եւ կայացվել է է ճիշտ ժամանակին
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը դրական է եւ բխում է Հայաստանի շահերից: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուրարդ Շարմազանովը:
«Ավելին՝ թե՛ որոշ ընդդիմադիր առաջնորդների հրապարակային հայտարարությունները, թե՛ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկումներն ու քվեարկությունը ցույց տվեցին, որ խորհրդարանում առկա քաղաքական ուժերի մեծամասնությունը կողմ է իշխանությունների այս որոշմանը, այդ թվում նաեւ այն ուժերը, որոնց ներկայացուցիչները 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո իրար հերթ չտալով փորձում էին քննադատել մեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ հետեւությունը մեկն է՝ այսօր նրանք էլ իրենց քաղաքական վարքագծով ապացուցեցին, որ Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ իշխանությունների կայացրած որոշումն' անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը, բխում է երկրի պետական շահերից եւ ընդունվել է ճիշտ ժամանակին:
***
Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի
«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանին եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Փ.Մարտիրոսյանը, աշխատելով «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, օժանդակել է հաստատության տնօրենին վստահված առանձնապես խոշոր չափերով գումարի յուրացում կատարելուն։
Այն է՝ 2004-2014 թվականների ընթացքում հաշվարկել և պետական բյուջեից ՊՈԱԿ փոխանցված գումարներից ՊՈԱԿ-ում հրամանագրված, սակայն փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների անուններով ելքագրել է առանձնապես խոշոր չափերով գումար, որը յուրացվել է տնօրենի կողմից:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նա օժանդակել է նաև առանձնապես խոշոր չափերով գումարի վատնում կատարելուն, այն է' ՊՈԱԿ-ում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող 4 աշխատակցի, այդ թվում՝ իր երկու հարազատների անվամբ հաշվարկել և ելքագրել է առանձնապես խոշոր չափերով գումար։ Ելքագրված գումարներից իր հարազատների անվամբ հաշվարկված գումարն ստացել է անձամբ, իսկ մնացած գումարը տրվել է ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներին՝ որպես լրավճար:
Կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանը, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, ՊՈԱԿ-ի տ նօրեն Գայանե Մարգարյանի հանձնարարությամբ, 2007-2014 թվականների ընթացքում, պատրաստել է համապատասխան փաստաթղթեր, որոնց հիման վրա տնօրենը հրամանագրել է ՊՈԱԿ-ում փաստացի աշխատանքներ չկատարող աշխատակիցների, որոնց անվամբ ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով գումար՝ այդպիսով օժանդակելով առանձնապես խոշոր չափերով գումարի յուրացում և վատնում կատարելուն։
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ նոյեմբերի 28-ին Փ.Մարտիրոսյանին և Ա.Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3 -րդ մասի 1-ին կետով' առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելուն օժանդակելու համար, և ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձանապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանդակելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել նոյեմբերի 27-ին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: