Օրվա կարևորագույն իրադարձություններն ըստ ՝ «Mediamall.am» լրատվականի.
Ոստիկանները բռնություն են գործադրել դատապարտյալի նկատմամբ. ՀՔԾ
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
«Նուբարաշեն» քր եակատարողական հիմնարկի կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 10-ին' իր վերաբերյալ գործով հերթական դատական նիստի ավարտից հետո, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իր կողմից բողոք ներկայացնելը խափանելու նպատակով բռնություն են գործադրել իր նկատմամբ' հարվածելով մարմնի տարբեր մասերին: Կատարվում է նախաքննություն:
***
Քո ծաղիկները մեր զենքին վնաս չեն…
Մեր քաղաքական կյանքն՝ ինչքան էլ տխուր լինի, զվարճանալու բազում առիթներ է տալիս: Լուրջ դեմքերով, հայրենասիրական բառ ու բանով տղերք են հայտնվել քաղաքական օլիմպոսում, որոնց արտաբերած ամեն խոսքը պատմության շտեմարանը հարստացնող գանձ է:
Միշտ մի առանձնակի անհամբերությամբ սպասում եմ պատերազմում երկրապահացած ու «Փարավոնում» «երդված» Ռուբեն Գևորգյանի հարցազրույցներին:
«ԵԿՄ-ի մեջ ընդգրկված են մանուկները, պատանիները, երիտասարդները, որոշ լրատվականներից տեղեկացա, որ նրանց շարքերը համալրվում են նաև ծերերով, մեծահասակներով: Այսինքն՝ այդտեղ ընդգրկված է հանրապետության ողջ էլիտան, իսկ «Երդվյալների» մեջ ընդգրկված են միայն առաջին գծում կռված տղաները: Մեր տղաների թիվն այսօր հասնում է հինգ հազարի»,- ահա այսպես է Գևորգյանը Վազգենի ստեղծած կառույցը համեմատում կերուխումի սեղանի շուրջ ծնված իր կազմակերպության հետ:Շարունակությունն՝ այստեղ:
***
«Վեր ընկի տեղդ, արա՛». Առաքել Մովսիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լուրեր.com-ը, «Մաքսային կարգավորումների մասին» ՀՀ օրենքը՝ կից փաթեթով, որի նպատակն է համապատասխանեցնել այն Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրին, ընդունվեց 70 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայնով:
Քվեարկությունից հետո, Զարուհի Փոստանջյանը վարման կարգի հետ կապված հայտարարեց, որ հենց նոր ԱԺ-ն քվեարկեց մի օրինագծի կողմ, որը հայ ժողովրդի շահերին դեմ է. «Դուք տեսնո՞ւմ եք դոլար-դրամի հետ ինչ է կատարվում…»: Նրա խոսափողն անջատեցին. «Խնդրում եմ անջատել, քանի որ դուք արդեն պրովոկացիա եք անում»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Փոստանջյանը շարունակեց խոսել անջատված խոսափողով. «Վարման կարգի հետ կապված եմ ուզում խոսել: Լավ չե՞ք լսում»:
Նիկոլ Փաշինյանն այդ պահին փորձում էր պաշտպանել Զարուհի Փոստանջյանին, ինչին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղից գոռաց. «Վեր ընկի տեղդ, արա»:
***
Էջմիածին-Երևան ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 20-ամյա երիտասարդ է տուժել
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 16-ին' ժամը 03.31-ին, ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախվել են «Աուդի» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ 5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Էջմիածին հատվածի 10-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Աուդի» մակնիշի 34 AN 478 պետհամարանիշի (վարորդ Մ. Հ.) և «ՎԱԶ-21010» մակնիշի 01 DR 022 պետհամարանիշի ավտոմեքենաները. վերջինիս ուղևոր Է. Ս.-ը (ծնված 1994թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների' տուժածի առողջական վիճակը գնահատել բավարար է:
Հրշեջ-փրկարարները փա կել են ավտոմեքենաների գազի փականները և իրականացրել հոսանքազրկման աշխատանքներ:
***
Սեյրան Օհանյանն այցելել է ԼՂՀ մարտական հենակետեր
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 16-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ինժեներական աշխատանքներին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև հետաքրքրվել են նրանց առօրյայով և կենցաղային պայմաններով:
***
Դանակահարություն Տաթևում
***
Դեկտեմբերի 16-18-ը Հայաստանում կաշխատեն ՌԴ ԶՈւ մասնագետները
Հայ-ռուսական երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն' դեկտեմբերի 16-18-ը Հայաստանի Հանրապետությունում կաշխատեն ՌԴ զինված ուժերի մասնագետները' ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա. Կանինի գլխավորությամբ:
***
Առաջիկա օրերին իրադրությունը համեմատելի կլինի 2008 թվականի ամենածանր շրջանի հետ. ՌԴ ԿԲ
Առաջիկա օրերին իրադրությունը համեմատելի կլինի 2008 թվականի ամենածանր շրջանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել Է Ռուսաստանի կենտրոնական բանկի առաջին փոխնախագահ Սերգեյ Շվեցովը:
Հանգուցային տոկոսադրույքի բարձրացմանը կարող են հետեւել ԿԲ-ի այլ գործողություններ' իրադրությունը կայունացնելու համար, ասել Է նա:
***
«Վախենում են' բառապաշարի ինսուլստ ստանան». Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց Շմայսին բացատրել ախոռի և ԱԺ-ի տարբերությունը
Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ և ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունների համատեղ հրավիրած նիստը, որում քննարկվում էր Հայաստանում հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունները դատապարտող հայտարարություն ընդունելու մասին հարցը:
Քննարկմանը պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիմնական զեկուցող, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին ուղղված իր հարցում ասաց' քանի որ հայտարարության համահեղինակ հանդես է գալիս ՀՀԿ-ն, այդ պատճառով էլ կարող է կասկածել տեքստի անկեղծությանը և կարծիք հայտնել, որ սա ընդամենը արվում է բռնության հետևում կանգնած մի խումբ մարդկանց և քաղաքական ուժերին ինդուլգեցիա տալու համար:
«Երեկվանից այս տեքստը ՀՀԿ-ն շրջանառության մեջ է դնում, ինչ-որ հանդուրժողականության կոչ է անում, և այդ կոչերը պարբերական են բայց այսօր էլ ԱԺ-ում տեսնում ենք, որ 70-ամյա սպիտակ մազերով մարդը 4 երեխաների մայր պատգամավորի հասցեին վերջին փողոցային արտահայտություններ է անում: Մեկ ուրիշ պատգամավոր անհասցե, ափռ-ցփռ հայտարարություններ է անում, հետո գնում մամուլում ասում է՝ տեսեք՝ ինչ ասի:
Այս դահլիճում ով ասելու բան ունի պատգամավոր է, բարձրախոս էլ ունի, հերթագրվելու իրավունք էլ ունի, կարող է հերթագրվել, իր ասելիքն ասել... թե՞ վախենում են բառապաշարի ինսուլստ ստանան: Այդ մարդիկ նույնիսկ իրենց անուն ազգանունը գրելու քննություն որ հանձնեն, բավարար չեն ստանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին խորհուրդ տվեց խմբակցության նիստ հրավիրել և Ախոռի ու ԱԺ-ի տարբերությունը բացատրել:
Մանրամասն' տեսանյութում:
***
Դավիթ Հարությունյանը չի բացառում դրամի արժեզրկման վերաբերյալ կառավարության՝ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեկտեմբերի 17-ին կարող է հանդես գալ հայտարարությամբ՝ կապված դրամի արժեզրկման հետ:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով դրամի արժեզրկմանը, գնաճին և հասարակության շրջանում տիրող խուճապային տրամադրություններին : «Ինձ համար դժվար է դրա մասին մասնագիտական մեկնաբանություն տալ, քանի որ ինքս դրա մասնագետը չեմ:
Այսօր կառավարությունում այդ հարցով քննարկումներ են լինելու: Չեմ բացառում, որ կառավարությունը վաղը հանդես կգա հայտարարությամբ: Իսկապես, կան խուճապային տրամադրություններ, և պետք են լուծումներ, որոնց մասին մենք շուտով կխոսենք»,- նշեց նա' հավելելով, որ խուճապը միշտ չէ, որ հիմքեր ունի, և այսօրվա խուճապը հնարավոր է, որ նույնպես հիմքեր չունենա:
Հարցին' կառավարությունը կմասնակցի՞ ընդդիմադիր քաղաքական ուժերի հրավիրած արտահերթ նիստին, որը դրամի արժեզրկման ու գնաճի վերաբերյալ է լինելու, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ' քննարկումները պետք է լինեն փակ, լուծումները' բաց»:
Նա հայտնեց, որ այս պահին ամենագլխավոր խնդիրն ազգային արժույթի կայունացումն է, որից հետո կարող են անցնել մնացած խնդիրների լուծմանը: Հարությունյանը դժվարացավ խոսել արտահերթ նիստի նպատակահարմարության մասին, որովհետև, ըստ նրա, Ազգային ժողովը ուղիներ որոնելու և լուծումներ տալու մասնագիտական մարմին չէ: «Կառավարությունում, իսկապես, մտահոգված են այդ հարցով»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը:
***
«Այս ամենը շոու է, իմիտացիա». Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ հայտարարության մասին
Ազգային ժողովի արտահերթ նիստում վերջին շրջանում հասարակական, քաղաքական գործիչների հանդեպ կատարված բռնությունները դատապարտող հայտարարություն ընդունելու հարցի քննարկման ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց.
«Այն դաստիարակչական նկատողությունը, որ տրվեց փոխոստիկանապետին, մեկ բանի մասին է վկայում, որ քաղաքական մեծամասնությունն է կրում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը: Այլապես քաղաքական մեծամասնությունը պետք է ունենար այնքան քաղաքական կամք և համարձակություն՝ պաշտոնանակ անելու տվյալ փոխոստիկանապետին:
Նման բան չանելը միայն մեկ բանի մասին է վկայում. այո, մենք ենք տեղի ունեցածի պատասխանատուն, այդպես արել ենք, այդպես անելու ենք, և այդպես ենք շարունակելու խոսել մեր քաղաքական ընդդիմախոսների հետ»:
Պատգամավորը խորհուրդ տվեց գոնե միջին մակարդակի սցենարիտներ գտնել միջին մակարդակի բեմականացում իրականացնելու համար: ԲՀԿ-ն գտնում է՝ եթե պաշտոնանկ չի արվում փոխոստիկանապետը, այս ամենը շոու է, իմիտացիա: Ելույթի վերջում պատգամավորը հիշեցրեց Նյուտոնի 3-րդ օրենքը' յուրաքանչյուր ուժ ունի իր հակաուժը: