Երեկ մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, և չնայած պատվիրակները հնարավորություն ունեին նաև առցանց տարբերակով մասնակցել նիստին՝ քովիդով պայմանավորված, սակայն ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել էր գրեթե ողջ կազմով: Սակայն ԲՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը նիստին մասնակցեցին առցանց տարբերակով: Այդ հանգամանքը համացանցում քննարկումների մեծ ալիք բարձրացրեց, որոշները սկսեցին մտածել, թե նրանց այդ քայլը «բոյկոտ» էր, որը ավելի շուտ քաղաքական իմաստ ուներ: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց Նաիրա Զոհրաբյանի հետ, որը նշեց՝ իրենց կողմից որևէ «բոյկոտ» չի իրականացվել, և առցանց համակարգով նիստին մասնակցելը բացարձակապես չի նվազեցրել նրանց մասնակցության ֆորմատը. «Դա մեր թիմի կողմից բացարձակ քաղաքական բոյկոտ չէր: Մենք գտնում ենք, որ այդպես ավելի արդյունավետ է աշխատանքը, քան Ֆրանսիայում հայտարարված խիստ լոքդաունի պայմաններում, երբ շատ ավելի կաշկանդված կլինեինք մեր տաղաշարժերում: Մենք շատ ակտիվ մասնակցում ենք, թե՛ քաղաքական խմբերի, թե՛ հանձնաժողովների, թե՛ լիագումար նիստերի աշխատանքներին: Երեկ ես առցանց կարգով ելույթ եմ ունեցել և բարձրացրել եմ այսօր ՀՀ օրակարգում գտնվող, իմ կարծիքով, ամենակարևոր հարցը՝ ռազմագերիների խնդիրը»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս այն կարծիքին է, որ Եվրոպայի խորհուրդը, որպես կարևորագույն մանդատ ունեցող վեհաժողով, շատ մեծ ճնշում կարող է գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում. «Ուստի մենք ամեն ինչ անելու ենք միջազգային հարթակներում ռազմագերիների, Արցախից տեղահանվածների և ընդհանրապես վերջին պատերազմի հումանիտար հետևանքների խնդիրը միջազգային կառույցներում բարձրացնելու համար»,- նշեց նա:
Համացանցում տարածվել էր տեղեկություն նաև այն մասին, որ իշխանությունը ամեն ինչ անում է Նաիրա Զոհրաբյանին ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից դուրս թողնելու համար, որին էլ մեր զրուցակիցը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, նա պայքարի համար ընտրել է շատ կեղծ և անհասկանալի թիրախներ: Ալիևի դեմ պայքարելու և հայ ռազմագերիներին վերադարձնելու փոխարեն, ինքը ընդդիմադիր դաշտում ստեղծում է թիրախներ և սկսում է նրանց դեմ պայքարելը: Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է՝ թիրախավորել է ինձ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը, ընդգծելով, որ այդ հայտարարությունը անակնկալ չէր իր համար, քանի որ ինքը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ հայկական, ադրբեջանական և թուրքական կողմի կառուցվելիք բարիադրացիական հարաբերություններում. «Ես որքան հասկացա ադրբեջանական պատվիրակության ղեկավարի ելույթից, կարծես թե Եվրոպայի խորհրդում նոր օրակարգ է ձևավորվում՝ հաշտության օրակարգ հայ և ադրբեջանական պատվիրակությունների միջև։ Քանի որ ես խստորեն և լիարժեքորեն խանգարելու եմ այդ օրակարգին, Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է խորհրդարական մեծամասնությանը և տվյալ դեպքում ԱԺ-ի նախագահին օժտել լիազորությամբ, որը այս պահին ԱԺ նախագահը չունի, որպեսզի նա կարողանա օգտագործել էթիկայի հանձնաժողովը և կարողանա հետ կանչել այս կամ այն պատվիրակությունից իրենց համար ոչ հաճո պատգամավորներին: Այս պահին Նիկոլ Փաշինյանի թիրախում ես եմ, քանի որ խանգարում եմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ իրենց բարեկամական հարաբերություններին: Չեմ բացառում, որ վաղը Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնվի մեկ այլ պատգամավոր»,- նշեց պատգամավորը:
Ըստ տարածված տեղեկությունների՝ նոր ձեւավորվելիք էթիկայի հանձնաժողովը կքննի Զոհրաբյանի՝ «ժեխ»-ի պատմությունը, եւ պատգամավորի վարքում հայտնաբերած խախտման հիմքով ԱԺ նախագահը նրան կհեռացնի պատվիրակության կազմից։ Այս տեղեկությանը ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Ես պնդում եմ և հաստատում, որ ասել եմ՝ այն մարդիկ, որոնք ասում են՝ Նիկոլը լավ է արել, որ հանձնել է, և այն մարդիկ, որոնք արդարացնում են 5000 և ավելի մեր պայծառ տղաների սպանությունը անմաքուր մարդիկ են՝ ժեխ են, իսկ ժեխը ստուգաբանական բառարանով ունի մի քանի բացատրություն, որոնցից մեկը անմաքուրն է: Այո՛, ես չեմ կարող հայ համարել այն մարդուն, որը ասում է՝ Արցախը մեզ համար բեռ էր, Նիկոլը լավ է արել, որ հանձնել է այն, մենք պրծանք Արցախի խնդրից. այո՛, նրանք անմաքուր մարդիկ են: Պարզապես, նիկոլական ֆեյքերը մանիպուլացրեցին իմ խոսքը, և դա ներկայացրեցին այնպես, ինչպես իրենց է հարմար »,- պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանը: