Ազգային ժողովում այսօր շարունակվեց «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը:

 

Քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնարար Սուրեն Կարայանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

 

Վերջինս նշեց, որ հիմնական զեկուցողին թեև ունի 44 հարց, սակայն կտա չորսը:

 

«Պարո՛ն Կարայան, Ձեր ելույթում բաներ ասացիք, որ տնտեսագիտության հետ կապ չունեն: Ասացիք, որ ԵՏՄ-ին միանալը տնտեսական աճ կտա լրացուցիչ 1.2-2 տոկոս, ճի՞շտ է, այսինքն՝ ինչքան աճի, երկու տոկոս ավել կաճի: Այս մասին, օրինակ, Դուք կառավարությունում ասե՞լ եք: Կառավարությունը մեկ տարի առաջ ներկայացրել է բյուջե, և 2014-ին տվել էր 5.2 տոկոս աճ, նույն կառավարությունը տվել է 4.1 տոկոս 2015-ի համար: Այդ ո՞նց է աճելով պակասում 1.1 տոկոս: Սա մեկ հարց. մենք պետք է զգույշ լինենք և ճիշտը ասենք:

 

Ես ձեզ կխնդրեի ասել, թե ծանո՞թ եք կայուն տնտեսական տարածք հասկացությանը: Դուք երեկ ԵՏՄ-ն բնութագրեցիք կայուն տնտեսական տարածք: Դա խստորեն այսօր սահմանված է: Խոսում ենք մի բանի մասին, որը չափելի է մաթեմատիկորեն:

 

Երրորդ, դուք ասում եք առավելությունների մասին: Ի՞նչ մեթոդներով եք հաշվել առավելությունները, այդ յոթ մեթոդն էլ վերաբերում են արտաքին առևտրի կարգավորման ազդեցությանը տնտեսության վրա:

 

Չորորրդ հարցը, իհարկե ես ունեմ 44 հարց, ի՞նչ է նշանակում, որ հետայսու Հայաստանում կներդնեն ավելի շատ, քանի որ մենք այլևս ներկայացնում ենք 180 միլիոն դոլարանոց շուկա: Իհարկե, մի կողմից դուք ճիշտ եք, մյուս կողմից էլ դա նշանակում է, թե ի՞նչ կարիք կա ընդհանրապես այդ դեպքում Հայաստանում ներդնել: Այսինքն՝ ինչպե՞ս եք դուք ապացուցում և հիմնավորում, որ մտնելով ԵՏՄ մենք նոր ներդրումներ կստանանք, այլ ոչ թե տեղի կունենա հակառակը, կկորցնենք բոլոր ներդրումները»,- հարցրեց Բագրատյանը:

 

Սուրեն Կարայանը հնչեցված հարցերին պատասխանեց հերթականությամբ. «2015 թվականի պետական բյուջեի նախագծի մասով ներկայացված է, դուք ճիշտ եք՝ 4.1 տոկոս տնտեսական աճ: Մեր տնտեսությունը, միանալով ԵՏՄ-ին, կունենա լրացուցիչ ՀՆԱ-ի աճ 1.2-2.5 տոկոս, դրանց արդյունքները մեզ համար առավել շոշափելի կարող են լինեն 2016 թվականից:

 

Կայուն տնտեսական տարածքի հետ կապված. ես եթե չեմ սխալվում՝ իմ հիմնական ելույթում չեմ ասել, որ ԵՏՄ-ն համարվում է կայուն տնտեսական տարածք: Կայուն տնտեսական տարածքն ունի իր տնտեսագիտական սահմանումը, ինչի վերաբերյալ Ձեզ հետ համաձայն եմ: Ես ընդամենն ասել եմ, որ ՀՀ-ի համար հնարավորություն է ստեղծվում, որպեսզի ունենանք կայուն տնտեսական աճ:

 

Թե ինչ մեթդներով ենք կատարվել հաշվարկերը. մի քանի մեթոդով ենք կատարել այն: Ես պատրաստ եմ այդ հաշվարկներն ամբողջովին Ձեզ ներկայացնել, և դրա շուրջ մենք կարող ենք ունենալ առանձին քննարկումներ:

 

Ներդրումների մասով, ուզում եմ նշել, որ ՀՀ-ն միանալով ԵՏՄ-ին, հնարավորություն է ստեղծում: Ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է մի քանի պայման: Մենք այսօր ունենք երեք միլիոնանոց շուկա և վաղը միանալով ԵՏՄ-ին կունենանք 170 միլիոնանոց շուկա: ԵՏՄ-ին միանալը անհրաժեշտ պայման է ներդրումներ իրականացնելու համար, բայց ոչ բավարար, որպեսզի լինի համ անհրաժեշտ, համ բավարար պայման, ապա պետք է, որպեսզի գործարար միջավայրը ՀՀ-ում լինի ավելի լավը: Եվ ուզում եմ նշել, որ ներկայումս ԵՏՄ-ի անդամների համեմատ ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման գործակիցներն ավելի լավն են, և մենք գտնվում ենք ավելի լավ դիրքերում, քան մեր մյուս գործընկերները»:

 

Արձագանքնելով փոխնախարարի պատասխաններին՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Տեսեք՝ ինչ է կատարում, մենք հարցերին չենք պատասխանում: Ես ձեզ ասում եմ, որ ասում եք 2 տոկոս ավել կաճենք, դուք ասացիք, ոչ 2015 թվականի համար, սպասենք 2016-ը գա: Կարող է պատահի մենք այնպիսի մի բան ենք անում, որ խորհրդակցելու կարիք կա:

 

Ասացի՝ ի՞նչ մեթոդներով եք հաշվել, ասացիք՝ մի քանի մեթոդներով հաշվել ենք, է բերեիք, կցեիք, ես տեսնեի: Մի հատ բերեիք, տեսնեինք՝ իսկապես հաշվել եք»:

 

Հրանտ Բագրատյանի ժամանակը վերջացավ և նա չկարողացավ շարունակել իր տեսակետը. «Վերջացավ ժամանակս, հավես էլ չկա»,- ասաց նա:

 

Սուրեն Կարայանը՝ եզրափակելով իր խոսքն ասաց. «Պարո՛ն Բագրատյան, խնդիրը կայանում է հետևյալում: Դուք հարցադրումները ներկայացրեցիք, արդյոք ինչո՞ւ մենք պետական բյուջեում չենք արտացոլել այն կանխատեսումները, որոնք կանխատեսվել են, որ ԵՏՄ-ին միանալու դեպքում մենք կակնկալենք: Առաջինը՝ մենք դեռ չենք միացել, և մեր միանալը կախված է ոչ միայն մեր Ազգային ժողովի կողմից այս համաձայնագրի վավերացմամբ, այլ նաև անդամ բոլոր պետությունները պետք է իրենց խորհրդարաններում ևս վավերացնեն ՀՀ-ի միանալու մաքսային պայմանագիրը, որից հետո նոր այս պայմանագիրը կմտնի ուժի մեջ, և նոր մենք կարող ենք անդամակցել»: