Այսօր Ազգային ժողովում Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է՝ ի թիվս այլ փոփոխությունների, կուտակային ֆոնդերի վերահսկողությունը հանձնել ՀՀ Կենտրոնական բանկին: Այս փոփոխությունն անընդունելի էր ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի համար: Ըստ պատգամավորի՝ աշխարհը փոխվում է, իսկ մեր կուտակային համակարգը մեծ վնաս է հասցնում մեր հանրապետությանը:
Հրանտ Բագրատյանի համար անընդունելի է առաջարկը՝ ֆոնդերի վերահսկողությունը հանձնել ԿԲ-ին՝ հաշվի առնելով գլխավոր դրամատան վարած տնտեսական քաղաքականությունը: «Տարել եք՝ խաշ եք կերցրել, դրա համար էլ միջազգային արժույթի հիմնադրամը ձեր որոշումներին հավանություն է տվել: Հնարավոր չէ Հայաստանը զարգացնել նման տնտեսական քաղաքականւթյամբ և ցավում եմ, որ նոր վարչապետի գալով՝ երկրում ոչինչ չփոխվեց, իսկ Հայաստանը նման տեմպերով երբե՛ք չի կարող զարգացման գնալ»:
Հրանտ Բագրատյանին հակադարձեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ պատգամավորին մեղադրելով հեքիաթներ հյուսելու և պոպուլիզմով զբաղվելու մեջ, որին ի պատասխան՝ Բագրատյանը նշեց, որ իր կողմից հնչեցված հարցերին պատասխաններ չեն տրվել: