Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Այս մասին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: «Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանի համար փակվել են այլ երկրների հետ համագործակցության դռները: Ռուսաստանն էլ իր հարաբերությունն երն ունի Եվրոպական Միության հետ, և նորմալ է, որ պետություններն ունենում են բազմակողմ հարաբերություններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Վոլինկինը:

 

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ կարևոր է, որպեսզի այլ երկրների հետ հարաբերությունները չխանգարեն Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությանը:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: ՀՀ Նախագահը 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի ցանկության մասին: