www.azatutyun.am Անդամակցելով Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը' Հայաստանը կորցրեց իր հնարավորությունը միանալ Եվրամիության ազատ առևտրի գոտուն' հայտարարել է Եվրամիությունում նախագահող երկրի' Լիտվայի արտոգործնախարարը:

 

Վերջինս նշել է, որ Եվրամիությունը հարգում է Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում բարձրաձայնված որոշումը, բայց և ընդգծել, որ սեղանին դրված «երկու համակարգերը անհամատեղելի են»:

 

«Մենք հարգում ենք պետությունների կողմից ընդունված ցանկացած որոշում, բայց նրանք չեն կարող միաժամանակ մտնել երկու կառույցներ, քանի որ դրանք միմյանցից տարբերվող մաքսային պահանջներ ունեն»,- «Ֆրանսպրես» գործակալությանն ասել է ԵՄ նախագահող երկրի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը:

 

Արևմտյան գործակալությունը փաստում է, որ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի առաջնորդը հայտարարել է, թե «ինքը որոշել է միանալ 2010 թվականին ստեղծված Մաքսային Միությանը, որի անդամ են այժմ Բելառուսն ու Ղազախստանը»:

 

«Պուտինի տեսլականի համաձայն' Ռուսաստանի նախաձեռնած այս Մաքսային միությունը դառնալու է Եվրասիական տնտեսական միության հիմնաքարը'միասնական արժույթով ու սեփական գործադիր մարմնով»,- նշում է «Ֆրանսպրեսը»:

 

Եվրամիությունում նախագահող Լիտվայից բացի այսօր առանձին հայտարարություն են տարածել նաև եվրոպական ընտանիքի անդամ յոթ արտգործնախարարներ բալթյան և սկանդինավյան երկրներից' զգուշացնելով ետխորհրդային երկրների նկատմամբ Ռուսաստանի ճնշումների մասին:

 

«Անընդունելի է ցանկացած տնտեսական սպառնալիք կամ քաղաքական ճնշում, որն ուղղվում է Եվրամիության Արևելյան գործընկերների դեմ' նրանց եվրոպական նկրտումների և ծրագրերի պատճառով»,- հայտարարել են ԵՄ յոթ երկրների արտգործնախարարները:

 


Հեղինե Բունիաթյան