Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով է հանդես եկել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացմանը:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում վարչապետը նշել է, որ միջտարածաշրջանային համաժողովները ունեն արդեն տասը տարվա պատմություն: «Դրանք դարձել են մեր երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակներում համագործակցության կարևոր ինստիտուտներից մեկը: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունը, որը խարսխված է շուրջ երկու տասնյակ համաձայնագրերի վրա, ունի հիրավի լայն աշխարհագրություն: Այն ներառում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերը և Ռուսաստանի Դաշնության ամենատարբեր անկյուններում գտնվող վարչական միավորներ, այթ թվում՝ Լենինգրադի և Օրենբուրգի, Յարոսլավլի և Օմսկի, Ուլյանովսկի և Արխանգելսկի, Ռոստովի և Վոլոգդայի մարզերը: Այս կապերի առկայությունը մեր երկու երկրների միջև բացառիկ հարաբերությունների վառ դրսևորումներից է»,- ասված է վարչապետի ուղերձում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն առանցքային դերակատարում ունի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում, այլ նաև կենտրոնական տեղ և դեր Հայաստանի տնտեսության մեջ. Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը:

«2019 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2.0 մլրդ դոլարի շեմը, իսկ այս տարի արդեն արձանագրել են առևտրաշրջանառության երկնիշ աճ:

Ռուսաստանը նաև առաջատար է Հայաստանում կատարվող ներդրումների առումով և բացառիկ դերակատարում ունի մեր երկրի ենթակառույցների զարգացման գործում: Վերջերս կատարված ներդրումներից հարկ է մասնավորապես առանձնացնել համավարակի դեմ պայքարի պայմաններում մեր երկրի համար հատկապես կարևոր «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի թողարկման նպատակով տեխնոլոգիական տրանսֆերի իրականացումը:

Մեր երկու երկրների միջև առկա տնտեսական համագործակցության մակարդակը համապատասխանում է դաշնակցային հարաբերությունների բնույթից բխող պահանջներին, սակայն դա բնավ չի ենթադրում ստատիկ իրավիճակի ամրագրում, հակառակը՝ պահանջում է մշտական աշխատանք, զարգացում և կատարելագործում»,- ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

Վարչապետի գնահատմամբ՝ աշխարհը սրընթաց կերպով փոխվում է, և 2 երկրների հարաբերությունները պետք է համապատասխանեն այդ փոփոխությունների արդյունքում ծնված պահանջներին: «Մեզ անհրաժեշտ է կատարելագործել մեր տնտեսական հարաբերություններն այնպես, որ դրանք նպաստեն մեր երկրներում մրցունակ տնտեսությունների զարգացմանը: Ասվածի համատեքստում կարևոր ենք համարում մեր տնտեսությունների հետագա մերձեցումն ու փոխադարձ ինտեգրումը, որը պետք է հիմնված լինի ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի վրա: Եվրասիական տնտեսական միությունն իր հերթին ծառայում է այդ ռազմավարական նպատակին, և մենք շահագրգռված ենք ամրապնդել այդ կառույցը և կատարելագործել նրա ինստիտուտները: Ակնհայտ է նաև մեր տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի հրամայականը»,- ընդգծել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ ի լրումն ավանդական ոլորտների, հարկ է գտնել ճանապարհներ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների և տնտեսության գիտելիքահեն ոլորտներում համագործակցությունն առավել զարգացնելու համար: Նա համոզված է, որ այսօրվա միջոցառումն այն գործիքներից է, որը լավագույնս ծառայում է վերոնշյալ նպատակների իրագործմանը: