«Ժամանակ» թերթը գրում է.
«Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ՝ դրա ընթացքում անդրադառնալով մայիսի 18-ին խորհրդարանում իր ծրագրային ելույթում հնչեցրած նպատակին՝ 2040 թվականին ունենալ 4 միլիոն բնակչությամբ Հայաստան: Մայիսի 18-ի այդ ելույթի հանրային արձագանքի գերակշռող մեծամասնությունն այն էր, որ դա ոչ թե հեռացող, այլ մնացող պաշտոնյայի ելույթ էր, որով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, թե ամենեւին չունի իշխանության ղեկը թողնելու մտադրություն:
Նախօրեին տեղի ունեցած խորհրդակցությանն անդրադառնալով իր մայիսի 18-ի ելույթի, թերեւս, առանցքային, թիրախային խնդրին՝ 4 միլիոն բնակչությամբ Հայաստանի տեսլականին, Սերժ Սարգսյանն արել է մի հայտարարություն, որն ունի բավականին ուշագրավ տողատակ նրա քաղաքական ծրագրերի կամ պլանների առումով: «Նախանշված թիրախային նպատակին հասնելը (Սարգսյանի համոզմամբ) պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, եւ 2040 թվականից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարեւորվի», ասված է նախագահական նստավայրի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, որը պատմում է խորհրդակցության մասին:
Ի՞նչ է նշանակում «բոլոր իշխանություններ» արտահայտությունը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը խոսում է կամ ակնարկում այն մասին, որ մինչեւ 2040 թվական նախանշված նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանում չի լինելու մեկ՝ անփոփոխ իշխանություն, այլ լինելու են «բոլոր իշխանություններ», այսինքն՝ մի քանի՞սը:
Հայաստանում կարծես թե 25 տարի շարունակ եղել է անփոփոխ իշխանություն, հետեւաբար՝ ինչո՞ւ չի կարող լինել եւս 23 տարի: Այսինքն՝ զուտ հայաստանյան պրակտիկայի պայմաններում արդեն Սարգսյանի հայտարարությունը ստանում է որոշակի արտառոց երանգ, այն իմաստով, որ առաջիկա 23 տարիներին նա, այդուհանդերձ, գոնե տողատակում ենթադրում է իշխանափոխություն:
Բանն այն է, որ թե՛ մայիսի 18-ի ելույթում, թե՛ ընդհանրապես իր վերջին շրջանի ելույթներում Սարգսյանը ոչ միայն չի կրկնել հեռանալու մտադրության մասին 2014 թվականի հայտնի խոսքը, այլ հակառակը՝ արել է բազմաթիվ թափանցիկ եւ մշուշոտ ակնարկներ, որ չի պատրաստվում թողնել իշխանության ղեկը, թողնել առաջին դեմքի կարգավիճակը: Եվ ահա, այդ հայտարարությունների ֆոնին, այսինքն՝ մնալու մտադրության մասին տարատեսակ ակնարկների ֆոնին, Սերժ Սարգսյանը հանկարծ ակնարկ է անում, որ Հայաստանում մինչեւ 2040 թվական կլինեն «բոլոր իշխանություններ», այսինքն՝ իշխանությունը չի լինի միայն ինքը:
Այստեղ առաջանում է հարց իհարկե, թե ո՞ր պահից ինքն այլեւս չի լինի իշխանություն՝ հենց 2018-ի ապրիլի՞ց, երբ վայր կդնի նախագահի լիազորությունը, թե՞ ավելի ուշ, երբ ինչ-որ մի օր այլեւս վայր կդնի նաեւ վարչապետի լիազորությունը:
Միեւնույն ժամանակ, ինքնին հետաքրքիր է այն, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ընդհանրապես որոշել ակնարկել, որ ինքն առնվազն մտադիր չէ մնալ իշխանություն մինչեւ 2040 թվականը: Ո՞ւմ համար է նրա այդ ազդակը, համակարգի ներսում գտնվողների՞, հանրությա՞ն, թե՞ արտաքին ուժային կենտրոնների: Թե՞ Սերժ Սարգսյանը համարել է, որ մնալու մտադրության մասին ակնարկները բավական շատ են հնչել, եւ ինքն այդ առումով այլեւս սկսել է, այսպես ասած, կանխատեսելի դառնալ:
Այդ իմաստով արժի, թերեւս, թույլ տալ նաեւ այնպիսի հավանականություն, որ Սարգսյանն իրականում խոսելով «բոլոր իշխանությունների» մասին՝ իրականում քողարկում է ընդամենը իր մեկ ու միակ իշխանության նպատակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում