«Ժամանակ» թերթը գրում է․
«Gallup International Association-ը նախօրեին հարցում է ներկայացրել, որի համաձայն Կարեն Կարապետյանի վարկանիշը նվազում է, իսկ Սերժ Սարգսյանինն՝ աճում: Սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ Հայաստանում բաղուց կա բավականին ամուր հանրային կարծիք կամ անվստահություն, այստեղ իհարկե խնդիրը կոնկրետ հարցման վստահելիության եւ անվստահության աստիճանը դիտարկելը չէ, այլ այն, որ նույն կազմակերպությունը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացնում էր Կարեն Կարապետյանի ավելի քան 80 տոկոս վարկանիշ եւ որի վրա փաստորեն կառուցվում էր խորհրդարանական ընտրությունների այսպես ասած «սոցիալ-քարոզչական» բազան:
Ահա դրանով իսկ հետաքրքիր է, որ ներկայումս այդ կազմակերպությունը կամա, թե ակամա, իր սոցիալական հարցման նոր տվյալով փաստորեն ձեւավորում է արդեն Սերժ Սարգսյանի քաղաքական պլանների «սոցիալ-քարոզչական» բազա, արձանագրելով նրա վարկանիշի վերելք եւ Կարեն Կարապետյանի վարկանիշի նվազում: Որոնք են Սերժ Սարգսյանի պլանները, դեռեւս իհարկե պարզ չէ, սակայն ուշագրավ է սոցիոլոգիայի սլաքի փոփոխությունն այդ ուղղությամբ եւ անկասկած հետաքրքիր է լինելու դիտարկել, թե ինչ ծավալում կարող է ունենալ այդ այսպես ասած միտումը կամ գործընթացը:
Միեւնույն ժամանակ իհարկե հետաքրքիր է նաեւ հետեւել ներկայացվող պատկերից բխող վարքին, որ կցուցաբերեն իշխող համակարգի սուբյեկտները: Ի վերջո բացառված չէ, որ իրականացվում է այսպես ասած «հետապուզական» տեխնոլոգիայի կիրառում, շոշափելու համար առկա տրամադրությունները: Այդ տեսանկյունից ուշագրավ է ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ արձագանքը, մասնավորապես խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի շուրթերից:
Նա հայտարարել է, թե հող նախապատրաստում են ոչ թե սոցհարցումներով, այլ գործողություններով: Խոսքը Սերժ Սարգսյանի համար հող նախապատրաստելու մասին է: Այլ կերպ ասած, Արմեն Ռուստամյանը կամա, թե ակամա թերահավատություն է հայտնել Սերժ Սարգսյանի գործողությունների կապակցությամբ, կամ դժգոհություն, որ կոալիցիոն գործընկերը տեղյակ չէ որեւէ գործողությունից: ՀՅԴ-ն իհարկե ունի դժգոհելու տեղ, քանի որ առայժմ միակ քաղաքական ուժը, որը հավանություն է տվել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, մնում է ՀՅԴ-ն:
Դեռեւս սահմանադրական փոփոխությունների շրջանում նույն Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ, եթե խորհրդարանական կառավարման մոդելը հաստատվում է եւ կատարվում են այսպես ասած բարեփոխումներ, ապա ՀՅԴ-ն խնդիր չի տեսնում Սերժ Սարգսյանի վարչապետության հարցում, առավել եւս, որ օրենքը չի արգելում դա: Ըստ ամենայնի ՀՅԴ-ին նյարդայնացնում է անորոշությունը, որ պահում է Սերժ Սարգսյանը եւ Դաշնակցությունը սկսում է կամաց-կամաց դժգոհել այդ կապակցությամբ: Ընդ որում, այդ դժգոհությունը շատ նման է Ռոբերտ Քոչարյանի պլանների կապակցությամբ դժգոհությունից, որ տարիներ առաջ հայտնել էր նույն Արմեն Ռուստամյանը, երբ արդիական էր Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման եւ նա իր պարբերական հարցարույցներով տարաբնույթ ակնարկներով փորձում էր թարմ պահել այն:
Արմեն Ռուստամյանը այդ ժամանակ հայտարարել էր, թե վերադարձողը վերադառնում է, ոչ թե սպասում է հանգամանքների: Քոչարյանը ակնհայտորեն նյարդայնացրել էր ՀՅԴ-ին եւ Դաշնակցությունն ի վերջո ընտրեց Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվելու տարբերակը, դուրս գալով ոչիշխանական բեւեռից եւ չցանկանալով այսպես ասած կույր խաղ խաղալ:
Այժմ երեւի թե Սերժ Սարգսյանն է իր անորոշությամբ եւ գաղտնապահությամբ սկսել նյարդայնացնել ՀՅԴ-ին եւ Դաշնակցությունը գրեթե նույն ոգով դժգոհում է Սերժ Սարգսյանից, ակնարկելով ի վերջո հստակեցնել, թե ինչ գործողության է պատրաստվում, որպեսզի ՀՅԴ-ն էլ կողմնորոշվի իր անելիքի հարցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում