Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ռոստովում 21 տոննա հայկական արտադրության լոլիկ է ոչնչացվել: Մասնագիտացված լաբորատորիայում նմուշառված գյուղմթերքում հայտնաբերվել է կարանտինային վտանգավոր՝ վնասատու հարավ-ամերիկյան ցեց:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ կարանտին վնասատուն վտանգավոր է ոչ թե մարդու առողջության, այլ տնտեսության համար. «Այն բերքն է վնասում և նման դեպքերում կարանտինային հսկողություն են իրականացնում ոչ թե մարդկանց պաշտպանելու, այլ տնտեսությունը չվնասելու համար, որպեսզի ցեցը չվնասի այն»:
Պիպոյանը նշեց՝ կարանտին վնասատու՝ Հայաստանում ևս կարող է լինել. «Խոսվում է, որ մեզ մոտ պայքարում են կարանտինային վնասատուների դեմ, բայց տեսնում ենք, որ ամենատարբեր հիվանդությունները շատանում ու տարածվում են: Ինչ վերաբերում է Ռոստովում հայկական արտադրության լոլիկում հայտնաբերված միջատին, պետք է նշեմ, որ այս դեպքն առաջինը չէ»,- նկատեց նա:
Պիպոյանը հերքեց, որ սա որևէ կապ կարող է ունենալ «Մոնսանտո» ամերիկյան ընկերության սերմերի հետ, քանի որ մի դեպքում խոսքը գնում է բույսի լավ կամ վատը լինելու մասին (ԳՄՕ և այլն), մյուս դեպքում՝ միջատի մասին. դրանք տարբեր տեղերից կարող են գալ. «Մեզ մոտ այդ միջատները կարող են գալ այն բանի հետևանքով, որ մենք սահմանին համապատասխան հսկողություն չենք իրականացնում: Օրինակ՝ ենթադրենք՝ կարող է գալ խաղողի տնկիով, իսկ թե ինչպե՞ս, պետք է պարզի լիազոր մարմինը՝ ի դեմս Սննդի անվտանգության պետական ծառայության»,- ասաց նա՝ ավելացնելով, որ տարբեր հիվանդություններ պարբերաբար արձանագրվում են և դրանք հետագայում խնդիրներ են առաջացնում արտահանման ժամանակ:
Պիպոյանի խոսքով՝ տարօրինակ է այն, որ ՍԱՊԾ-ն մամուլից է իմանում այս մասին. «Ինձ համար արժանահավատ չէ ՍԱՊԾ որևէ հայտարարություն, և մենք հիմա չպետք է ռուսական կողմին զանգենք- հետաքրքրվենք՝ ճի՞շտ է այս տեղեկությունը, թե՞ ոչ»:
Սոնա Հարությունյան