ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, նոյեմբերի 13-15-ը կլինի Ստոկհոլմում (Շվեդիայի Թագավորություն) և նոյեմբերի 15-17-ը՝ Հելսինկիում (Ֆինլանդիայի Հանրապետություն)` Շվեդիայի Թագավորության և Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից, Շվեդիա կատարելիք այցի շրջանակում նոյեմբերի 14-ին նախատեսված է ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումը Շվեդիայի ԵՄ և առևտրի հարցերով պետքարտուղար Օսքար Սթենսթրոմի հետ:
Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես բանախոս, Յարլ Հյալմարսոնի հիմնադրամում կմասնակցի«Հայաստանի արտաքին քաղաքականություն. մարտահրավերներ և հորիզոններ» թեմայով սեմինարին:
Շվեդիայի Թագավորություն կատարելիք այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպում կունենա նաև Շվեդիայի Թագավորության խորհրդարանի խոսնակի երկրորդ տեղակալ պարոն Բյերն Սոդերի, ավելի ուշ նաև ԵՄ հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հանդիպումը Յարլ Հյալմարսոնի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և անդամների հետ: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Արմեն Աշոտյանը և Էդմոն Մարուքյանը այցի շրջանակում հանդիպումներ կունենան նաև ԵԺԿ-ի և ԱԼԴԵ-ի անդամ հանդիսացող Շվեդիայի կենտրոնամետ կուսակցությունների միջազգային քարտուղարների հետ:
Նոյեմբերի 16-ին Շվեդիայի Թագավորությունից ՀՀ ԱԺ պատվիրակությունը կժամանի Ֆինլանդիայի Հանրապետություն, որտեղ հանդիպում կունենա Ֆինլանդիայի արտաքին գործերի պետքարտուղար Պիտեր Ստենլունդի հետ: Նույն օրը նախատեսվում է նաև ՀՀ խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Ֆինլանդիայի Հանրապետություն կատարելիք այցի շրջանակում Արմեն Աշոտյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպումներ կունենան ԵԺԿ անդամ հանդիսացող «Ազգային կոալիցիա կուսակցություն» և ԱԼԴԵ-ի անդամ հանդիսացող «Կենտրոնական կուսակցություն» խորհրդարանական խմբերի ղեկավարների հետ:
Նոյեմբերի 17-ին Արմեն Աշոտյանը և Էդմոն Մարուքյանը՝ որպես բանախոսներ, Հելսինկիի համալսարանի Ալեքսանտերի քաղաքագիտական ինստիտուտում կմասնակցեն «Հայաստան և Հարավային Կովկաս. կամուրջ թե սահման» թեմայով սեմինարին: