Հայաստանի զարգացման ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամների աջակցությամբ գինի, կոնյակ և այլ ալկոհոլային խմիչքներ արտադրող 13 ընկերություն նոյեմբերի 14-16-ը առաջին անգամ Չինաստանի Շանհայ քաղաքում մասնակցում են «Prօwine China 2017» ցուցահանդեսին։ Հայաստանյան գինեգործությունը և կոնյակագործությունը ներկայացվում է միասնական տաղավարով։ Ոլորտը կառավարության գերակայություններից է, ուստի արտահանման ներուժ ունեցող ընկերությունների մասնակցությունը համաֆինանսավորվել է պետական աջակցության շրջանակում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:
«Prօwine China»-ն ոլորտի միջազգային խոշորագույն ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում է 650 ընկերություն 37 երկրից, սպասվում է 12 000-ից ավելի ներկրողների և մասնագետների այցելություն։ Հիմնադրամների ներկայացուցիչները միջազգային գնորդ կազմակերպությունների և դիստրիբյուտորների հետ նախնական ճանաչողական աշխատանք են կատարել՝ հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկ ձևավորելու նպատակով։
Ասիական շուկան Հայաստանի համար թիրախային է, որտեղ, երկու հիմնադրամների մասնագետների գնահատմամբ, հայկական արտադրանքը մրցունակ է՝ գինեգործության հազարամյա ավանդույթների և նորագույն տեխնոլոգիաների համադրության շնորհիվ։ Հայկական գինիներն ու կոնյակներն այսօր արտահանվում են աշխարհի շուրջ 25 երկիր:
«Ասիական շուկան հայկական ընկերությունների համար նոր, բայց արտահանման հեռանկարային ուղղություն է։ Մենք մեծ ծրագրեր ունենք. կառավարությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել գինեգործության ու կոնյակագործության համար, ոլորտի նկատմամբ ակնհայտ է նաև ներդրողների ու միջազգային գնորդների հետաքրքրությունը։ Որպես արդյունք, Հայաստանի տարբեր շրջաններում մեծանում են խաղողի այգետարածքները, հիմնվում են նոր գործարաններ, տուրիզմի այս ուղղությունը դեպի մեր երկիր է գրավում ավելի շատ զբոսաշրջիկների»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը: «Գինու բնօրրանում՝ Հայաստանում այսօր գինեգործությունը վերածնունդ է ապրում և այս ցուցահանդեսի մասնակցությամբ, որպես արքայական ըմպելիքին մարդկությանը ծանոթացրած երկիր, գինու միջազգային շուկան կրկին գրավելու հայտ ենք ներկայացնում: Հայկական գինին ու կոնյակը հագեցած են համահոտային յուրահատուկ փնջով և ունեն բոլոր նախադրյալները՝ միջազգային շուկայում արժանի մրցակցային տեղ գրավելու համար»,- նշել է Հայաստանի խոխողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը: