Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի, պատգամավորներ Վարդան Բոստանջյանի և Հակոբ Հակոբյանի հանդիպումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին դեմ արտահայտվող ուսանողների հետ:
Ուսանողները քիչ առաջ 5 հոգանոց խմբով մտան խորհրդարանի շենք, այս պահին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում մեկնարկել է հանդիպումը:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպմանը մասնակցում են մեկ նպատակով, որպեսզի քննարկեն և հասկանան օրենքի շուրջ կլոր սեղան-քննարկում կազմակերպելու հնարավորությունները, որին կմասնակցեն ինչպես իշխանության և ընդդիմության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու ուսանողները:
Նա նաև նշեց, որ հացադուլը դադարեցնելու որոշում դեռ չունեն՝ ընդգծելով, որ հացադուլ անող ուսանողների ինքնազգացողությունը շատ լավ է: