Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի հերքում, որ Հայաստանում առկա են սոցիալական լուրջ խնդիրներ՝ շեշտելով, որ դրանց լուծումը  կառավարության ուշադրության կենտրոնում է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ սոցիալական խնդիրները լուծելու հարցում Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր մոտեցումներ ունեն: «Մեր մոտեցումը կայանում է նրանում, որ դրա համար մենք պետք է նախ կարողանանք տնտեսական կայուն աճ ապահովել: Եթե չենք կարողանում դա անել, խնդիրներ ենք ունենում: Մենք չենք կարողանա հետագայում հետևողական կերպով լուծում տալ առկա սոցիալական խնդիրներին: Մենք չենք կարող հիմա մեր բնակչությանը խոստանալ, որ նվազագույն աշխատավարձը, թոշակները բարձրացրում ենք, բայց հետագայում, չունենալով տնտեսական աճ, հայտարարենք, որ մենք չենք կարողանում վճարել մարդկանց աշխատավարձերն ու թոշակները»,- ընդգծեց Արամյանը:

Նա ընդգծեց, որ խստորեն դատապարտում է մոտեցումը, որ կառավարությունը սոցիալական բնույթի խնդիրների լուծումը իրականացնի ի հաշվի պետության պարտքի: «Հունաստանը գնացել է նման քայլի, իսկ դրանից հետո ստիպված է եղել գնալ կոշտ քայլերի, մի քանի անգամ նվազեցրել է թոշակները: Դա, իհարկե, հանգեցրել է շատ վատ հետևանքների Հունաստանի համար: Մենք կարծում ենք, որ սա շատ անազնիվ քայլ կլինի մեր բնակիչների նկատմամբ»,- ասաց նախարարը:

Արամյանն ասաց, որ կառավարությունը կարող է մի որոշ ժամանակ ինքը դրամական աջակցություն ցույց տալ բնակչությանը, սակայն կառավարության հնարավորությունները սահմանափակ են, իսկ մարդկանց կարիքներն անընդհատ աճում են: «Հետևաբար, ճիշտ քաղաքականությունն այն կլինի, որ մենք մարդկանց սովորեցնենք եկամուտ կուտակելու ճանապարհը: Ես կարծում եմ, որ այն ուղղությունը, որը մենք որդեգրել ենք, ճիշտ է: Մենք չպետք է մեր բնակչությանը սովորեցնենք, որ իրենք սոցիալապես անապահով են, վատ վիճակում են: Դա նրանց վրա հոգեբանորեն էլ է ազդեցություն է ունենում: Եթե մենք կարողանանք հասնել նրան, որ այն անձինք, ովքեր ունակ են եկամուտներ ստանալ, իրականացնեն իրենց այդ հնարավորությունը, դա կլինի քայլ առաջ: Մեզ մոտ սոցիալապես անապահով են հիմնականում գյուղերի բնակիչները, դրա համար մենք 60 տոկոսով ավելացրել ենք գյուղատնտեսության ոլորտի հատկացումները»,-  ընդգծեց նախարարը: