ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Հաղպատի՝ արդեն նախկին գյուղապետ Վահրամ Քառյանը նշեց, որ համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում գործազուրկների աճ կնկատվի նաև իրենց գյուղում. «Այս պահին գյուղապետարանում աշխատում է 9 հոգի, թե խոշորացումից հետո այդ իննից քանիսը կմնան, չեմ կարող ասել»,-նշում է Քառյանը և հավելում, որ պատշաճ կարգով բոլոր աշխատակիցներին ծանուցվել է, որ շուտով, հնարավոր է՝ մնան առանց աշխատանքի:
Հարցին՝ այս օպտիմալացման արդյունքում արդյոք չի՞ ավելանա գյուղը լքող և արտագաղթող համագյուղացիների թիվը, Վահրամ Քառյանը պատասխանեց.«Չեմ կարծում, թեպետ ես հնարավոր ամեն բան կանեմ՝ անգործ մնացած իմ համագյուղացիներին աջակցելու համար»:
Վերջինս, սակայն, նշում է, որ խոշորացումից հետո աշխատակազմ ընտրելու է նոր ավագանին, ուստի, այս առումով՝ համագյուղացիներին աջակցելու իր շանսերը շատ փոքր են:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններով Հաղպատը, տարածաշրջանի մի քանի գյուղերի՝ Աքորու, Կաճաճկուտի, Ջիլիզայի եւ Ծաղկաշատի հետ միասին դարձավ խոշորացված համայնքի միավոր՝ կենտրոնը՝ Ալավերդի: Ալավերդու համայնքապետ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ Սասուն Խեչումյանը:
Հիշեցնենք, որ համայնքների խոշորացման նոր ծրագրով Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնքներ միավորվում են, ինչի արդյունքում ձևավորվում է 34 համայնք: Խոշորացման ծրագրեր են իրականացվում ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում: