«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը որոշել է ժամանակ չկորցնել եւ քանի դեռ շարունակում է պաշտոնավարել, մեծ թափով վաճառում է համայնքի՝ իրեն հասու սեփականությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վանաձորի քաղաքապետարանը նախօրեին հրապարակել է համայնքի սեփականությունը հանդիսացող մի քանի հողակտորները վաճառելու մասին հայտարարություն: Հողակտորներից մեկը 1 հազար 868,9 մետր քառակուսի է, եւ քաղաքապետարանը նախատեսում է վաճառել հինգ առանձին մասերով՝ հասարական սպասարկման օբյեկտներ կամ ավտոտնակներ կառուցելու նպատակով: Մյուս հողակտորը 21 քառակուսի մետր է, եւ ցանկանում են վաճառել մեկ մասով, իսկ մեկ այլ՝ 76 քառակուսի մետր մակերեսով տարածքը նախատեսում են երեք մասով վաճառել:
Վանաձորի քաղաքապետի այս քայլը, մեղմ ասած, համայնքը թալանելու փորձ է: Բանն այն է, որ համայնքի սեփականությունը օտարելու որոշումը, ըստ տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին 21-րդ ենթակետի, կայացնում է համայնքի ավագանին: Նոյեմբերի 10-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Վանաձորի ավագանու փոքրամասնությամբ՝ 15 հոգով կայացրած որոշումները հակասահմանադրական են: Հայտարարության մեջ ավագանու որոշումը չի հիշատակվում, բայց եթե անգամ այն գոյություն ունի էլ, միեւնույն է՝ այն հակասահմանադրական է: Այսինքն՝ այս դեպքում մենք սովորական ալան-թալանի հետ գործ ունենք. Մամիկոն Ասլանյանը գիտի, որ գնալու է, վերջին ապօրինություններն է իրականացնում՝ հանուն «ընկերության»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: