Ազգայի ժողովում այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ Վանաձորի ավագանու հետ ՀՀԿ-ի համագործակցությանը. «Մեր համաձայնագիրը ՀՎԿ-Ի հետ քաղաքական է, մենք նրանց ներքին գործերին չենք խառնվում, թե փոխքաղաքապետի իրենց թեկնածուն ինչ անցյալ ունի, իրենց խնդիրն է»։
Բաղդասարյանն անդրադարձավ ՀՎԿ անդամ Հեղինե Բիշարյանի նախկինում արված հայտարարությանը, թե ՀՀԿ-ին միացողները անբարոյական կգտնվեն. «Ավագանին իր գործողությունները կատարել է ՏԻՄ օրենքին համապատասխան։ Անբարոյականների մասով՝ քաղաքական հուշագիր ստորագրելը չի նշանակում, թե նախկինում ովքեր ձայն են տվել, նրանք հանրապետական չեն եղել, ուղղակի որոշ քաղաքական զարգացումների դեպքում կարող են հուշագիր ստորագրել ՀՀԿ-ի հետ։ Ամեն ինչ կարող է փոխվել մի գիշերվա մեջ»,-ասաց նա՝ նշելով, որ իրենք ծառայություն մատուցելու կարիք չունեն և չի կարծում, որ քաղաքականության մեջ բարոյականության մասին այդ չափանիշներով պետք է դատել:
Հիշեցնենք, Հայաստանի հանրապետական և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների Վանաձորի տարածքային կառույցները նոյեմբերի 18-ին համագործակցության հուշագիր են կնքել՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին»։
Ըստ հուշագրի՝ «Հայկական վերածնունդ»-ը կստանա քաղաքապետի տեղակալի պաշտոնը։ Իսկ այդ պաշտոնում առաջարկվել է Ակա մականունով Արկադի Փելեշյանի թեկնածությունը։