Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 20-ին ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ Անվտանգության և ահաբեկչության դեմ պայքար հարցերով հանձնակատար Չեն Գոպինի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նա ընդգծեց, որ բարձրաստիճան հաճախակի փոխայցելությունները իրենց կարևոր նպաստն են բերում տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման և ընդլայնման գործում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար հանձնակատար Գոպինը ընդգծեց, որ Չինաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակացության զարգացումը և նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մի շարք բնագավառներում հայ-չինական համագործակցությանը և դրանց ընդլայնման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին։
Հանդիպմանը կարևորվեց ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության միասնական ջանքերը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ Չեն Գոպինի այցելությունը նոր խթան կհաղորդի անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում հայ-չինական համագործակությանը։