ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում ստուգումներ իրականացնելու ծրագրին, նշեց, որ ինքը խնդիր չունի: Ինչպես հայտնի է՝ ՎՊ-ի 2018 թվականի ծրագրի նախագծում նախատեսված է, ի թիվս այլ պետական մարմինների, ստուգումներ անցկացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում: Ու սա այն դեպքում, երբ 2016-2017թթ. այս նախարարությունը ղեկավարել է ՎՊ այսօրվա նախագահ Լեւոն Յոլյանը: Այսինքն, ՎՊ-ն ուսումնասիրելու է իր ներկայիս ղեկավարի` նախկինում գլխավորած ոլորտը: Ինչ խոսք, մեծ հարցականի տակ է նման ստուգման օբյեկտիվությունը, քանի որ պարոն Յոլյանը ուսումնասիրելու է իր իսկ նախկին գործունեությունը:
Էներգետիկ ոլորտը ամենաեկամտաբեր ոլորտներից է, հետևաբար ակնհայտ է, որ կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից այն առավել քան խոցելի է: Ամենևին էլ բացառված չէ, որ Յոլյանի նախկին աշխատավայրում ստուգումներ անցկացնելը պայմանավորված է նրա անձի նկատմամբ կասկածները ցրելու ցանկությամբ և նախաձեռնված է հենց իր կողմից: Անգամ եթե մի պահ պատկերացնենք, որ ստուգումները կարող են օբյեկտիվ լինել և ՎՊ կողմից ինչ-ինչ բացահայտումներ լինեն, պատասխանատուները դժվար թե պատժվեն: Հաշվի առնելով այն փաստը, որ իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի իշխանությունների կողմից լիարժեք վերահսկելի Վերահսկիչ պալատը գնահատական տալու իրավունք չունենա, ակնհայտ է, որ այս տվյալները իրավական հետեւանք չեն ունենա:
Ստելլա Խաչատրյան