«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը հանրությանը առավել հայտնի է որպես Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության մի անդամ, որը կրծքով պաշտպանում է ՀՀ իշխանություններին ու հատկապես Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությանը՝ այդ ճանապարհին չխորշելով ընդհուպ հայհոյանքներ հնչեցնելուց իր շեֆերին քննադատողների հասցեին: Շատերի մոտ հարց կծագի, թե ինչպես կարող է նույն մարդը սկզբում կոմունիստներին նույն կրծքով պաշտպանել, հետո ՀՀՇ-ին, հետո ՀՀԿ-ին, վաղը Աստված գիտի ում: Իսկ իրականում Լեւոն Իգիթյանը սոված չմնալու իր իրավունքն է պաշտպանում:
Քչերը գիտեն, որ Լեւոն Իգիթյանը Երեւանի Հովհաննես Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանի տնօրենն է: Եւ այդ թանգարանի տարածքը նա պարբերաբար վարձով է տալիս, որպեսզի այնտեղ առեւտրի կետեր բացվեն:
Ի դեպ, թանգարանների ֆինանսավորումը հատկացվում է պետական եւ համայնքային բյուջեներից: Իսկ տարածքը վարձով տալը դա կողքից փող է:
«Ժողովուրդ»-ի թղթակիցը լուսանկարել է Աբովյան փողոցի վրա գտնվող թանգարանի տարածքը, որը վերածվել է ամանորյա արդուզարդի վաճառքի խանութի, իսկ թանգարանի մուտքը տեղափոխվել է բակի կողմից»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: