Մրգերի և բանջարեղենի ներմուծման դեպքում մինչև 50կգ-ը չի մաքսազերծվում, բայց հավաստագիրը պարտադիր է
Արդեն տեղեկացրել ենք, որ ՊԵԿ-ն արգելել էր 5 կիլոգրամից ավելի մանդարին ու ցիտրուսային այլ մրգեր առանց մաքսազերծելու ներկրել Հայաստան։ Նախկինում այդ շեմը 50 կգ էր։ Այսինքն՝ մինչեւ 50 կգ-ը չէր համարվում առեւտրային քանակ ու չէր մաքսազերծվում։
Այս հրապարակման վերաբերյալ ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել և նշել որ, ՀՀ կառավարության 2015 թվականի N 865-Ն որոշման պահանջների և «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի համաձայն, ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բանջարեղենի և մրգերի 50 կգ-ը չգերազանցող մասը չի համարվում ակնհայտ առևտրային քանակություն, ուստի, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, կարող է ներմուծվել ՀՀ տարածք առանց մաքսային վճարների վճարման:
Սակայն, միաժամանակ հիշեցնում ենք, որ համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման, բանջարեղենի և մրգերի միայն մինչև 5կգ-ի Հայաստանի Հանրապետություն (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի:
Այսինքն, ֆիզիկական անձանց կողմից 5կգ-ից ավել (մինչև 50 կգ) մրգերի, բանջարեղենի ներմուծումը ՀՀ տարածք՝ կարող է թույլատրվել բացառապես բուսասանիտարական հավաստագրի առկայության և դրա` մաքսային մարմիններին ներկայացման դեպքում, լրացնելով միայն ուղևորային հայտարարագիր: Հետևաբար, ՊԵԿ աշխատակիցների գործառույթները սահմանափակվում են բուսասանիտարական հավաստագրի առկայության մեջ հավաստիանալով, և տրամաբանական չէ կոմիտեին վերագրել գործառույթներ, որոնց հետ նա առնչություն չունի: