Ինչպես հայտնում է ecolur.org- ը «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն մտադիր է նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել ՀՀ տարածքի 1-րդ և 3-րդ պայմանական բլոկներում` Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի 8775 կմ2 ընդհանուր տարածքում: Նախատեսված տարածքներն ընդգրկում են մի շարք բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)` «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերը, Մրտավարդենու, Զիկատարի, Գյուլագարակի, Իջևանի, Մարգահովտի, Գանձաքարի, Հանքավանի ջրաբանական, Ախնաբադի կենու և Գետիկի արգելավայրերը, որոնք ունեն հարուստ բուսական և կենդանական աշխարհ, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված:
 
Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն է: Իր հերթին՝ «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն /ՀրազԶԷԿ/» ԲԲԸ-ն է, որի 100% բաժնետոմսերի սեփականատերը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն է: Վերջինիս բաժնետոմսերն առավելապես Կարապետյանների ընտանիքի ձեռքում են, մասնավորապես, Սամվել Կարապետյանի և նրա զավակների: Ստացվում է՝ Սամվել Կարապետյանը փորձում է մուտք գործել նաև այս ոլորտ, ընդլայնելով իր բիզնես գործունեությունը:
 
1994թ. հուլիսից մինչև 1995թ. հուլիսը մեծ բրիտանական «Սայմոն պեթրոլիում տեքնոլոջի» և պորտուգալական «Պարտեքս» ընկերությունների ստեղծած կոնսորցիումի միջոցով, հայ մասնագետների ակտիվ մասնակցությամբ հետազոտություններ են կատարվել, որոնք ամփոփվել և 4 հատորով, անգլերենով, ժամանակակից գրաֆիկայով ու համապատասխան մեկնաբանություններով հրատարակվել են: Միջազգային անկախ փորձագետները կարծիք են տվել, որ Հայաստանում գոյություն ունեն ածխաջրածինների արդյունաբերական պաշարների հայտնաբերման հիմնավորված նախադրյալներ, հետևաբար, մեր երկրի ընդերքում կարող է լինել նավթ ու գազ: Դժվար չէ կռահել՝ եթե փորձագետները ճիշտ են, համապատասխան հանքերի շահագործումը կհանձնվի հենց Սամվել Կարապետյանի ընկերությանը, հատկապես, որ էներգետիկ ոլորտը վերջինիս բիզնես հետաքրքրությունների կիզակետում է: Դժվար թե Կարապետյանը զիջի մրցակիցներին նման յուղոտ պատառը:
 
Ստելլա Խաչատրյան