Այսօր՝ օգոստոսի 18-ին, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է, նա դարձավ 54 տարեկան:

Սամվել Կարապետյանը ընդգրկվել է «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշում, որը կազմել է Forbes պարբերականը: Forbes-ի գնահատմամբ' Սամվել Կարապետյանը 3,3 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալով 46-րդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի գործարարների ցանկում:

Կարապետյանը ծնվել է Կալինինոյում: 1986 թվականներից զբաղեցրել է տարբեր պաշտոններ, իսկ ահա 1990-ական թվականներին՝ տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաք և սկսել զբաղվել գործարարությամբ։

Սամվել Կարապետյանը «Տաշիր» ընկերության հիմնադիրն ու նախագահն է: Ընկերությունը ռուսական խոշորագույն դիվերսիֆիկացված արդյունաբերական-շինարարական խումբ է, որի կազմում են ընդգրկված Ռուսաստանի տնտեսության տարբեր ճյուղերում գործող շուրջ 200 ընկերություններ և ձեռնարկություններ: Հիմնադրվել է 1999թ.-ին և ավելի քան 20 տարի շարունակ ավելացնում է ակտիվները ռուսական շինարարության և զարգացման շուկայում, ընդ որում' հաջողությամբ բիզնես է ծավալում ֆինանսական և էներգետիկ ոլորտներում, արդյունաբերության, ռիթեյլի, ռեստորանային բիզնեսի և այլ ոլորտներում: Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ Գործունեություն է ծավալում Ռուսաստանի և արտերկրի 51 քաղաքում։

«Տաշիր» հիմնադրամի շնորհիվ բազմաթիվ բարեգործական և սոցիալական, տնտեսական, կրթական և հումանիտար այլ ծրագրեր են իրականացվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի տարածաշրջանում:

Հենց նրա ֆինանսավորմամբ է կառուցվել և ժամանակակից սարքավորումներով, նորագույն կահույքով ու անհրաժեշտ պարագաներով հագեցվել Ստեփանակերտի հիվանդանոցային համալիրը:

Սամվել Կարապետյանի բարերարությամբ նորոգվեց և ընդարձակվեց Վեհարանի շենքը, միայն 2020 թվականին 3 միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Կարապետյանն ունի գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Նրա կողմից հրատարակվել են ավելի քան 30 գիտական աշխատություններ: Նա նաև արժանացել է մի շարք պարգևատրումների ու շքանշանների: Մասնավորապես, 2001-ին ՌԴ բիզնեսի և ձեռնարկատիրության ոլորտում արժանանացել է «Բիզնես Օլիմպ» ազգային մրցանակի՝ որպես «Ռուսաստանի դաշնության վաստակավոր ձեռնարկատեր», Բարեպաշտ իշխան Դանել Մոսկվացու 2-րդ աստիճանի ոսկե շքանշան է ստացել Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ, 2003-ին՝ Ռուսաստանի նախագահի անվանական ժամացույց, 2005-ին արժանացել է «Ռուսաստանյան ազգային Օլիմպ» գլխավոր համառուսական Պարգև՝ «Պատվի և Արիության» շքանշանի և «Ոսկե Օլիմպ» կրծքանշանի, 2011-ին ստացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան ազգային շահերի պաշտպանման գործում նշանակալի ավանդի ներդրման, հանուն հայության բազմամյա և արգասաբեր գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացմանը և առաջընթացին նվիրված գործունեության և մեծ վաստակի համար, 2015-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» արժանացել է 1-ին աստիճանի շքանշանի:

Ի դեպ, նշենք, որ Սամվել Կարապետյանը 2014 թվականին International Media Holding ընկերության կողմից անցկացված հարցումների արդյունքներով արժանացել է ՏԱՐՎԱ ԲԱՐԵՐԱՐ կոչմանը: Հարցվածներին տրվել է հետևյալ հարցը՝ «Ըստ ձեզ՝ ո՞վ է տարվա բարերարը»: Հարցումների արդյունքում ամենաշատ ձայները ստացել էր Կարապետյանների ընտանիքը՝ հանձինս Սամվել Կարապետյանի. առցանց հարցման արդյունքում հավաքել է ձայների 38 տոկոսը, իսկ դեմ առ դեմ հարցման արդյունքում 29.4 տոկոսը:

Առցանց հարցումներն անցկացվել էին մեր կայքում մեկ պատասխան ենթադրող հարցերի տեղադրման միջոցով: Քվեարկությունները պաշտպանված են եղել մեքենայական լրացումից, իսկ դեմ առ դեմ հարցումներն անցկացվել էին ՀՀ քաղաքային համայնքներում, որոնց բնակչության թիվը 10 000 է և ավելին: Դեմ առ դեմ հարցումներն անցկացվել էին ստանդարտացված հարցաթերթով: Պարզ հավանականային չկրկնվող ընտրանքի ծավալը եղել էր 1500 քաղաքաբնակ, որոնցից յուրաքանչյուրի տարիքը եղել էր առնվազն 18 տարեկան: