«Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն, փորձագետ Արամ Գրիգորյանի համոզմամբ՝ Կառավարությունը, սուբսիդավորելով ջրի սակագինն, ընդամենը փորձում է հատել 2018 թվականի վճռորոշ շեմը: «Կառավարության այդ քայլն այլևս որևէ մեկին չի հետաքրքրում:
Փաստն այն է, որ առանց այն էլ թանկ մատուցվող ջրի դիմաց հիմա քաղաքացին պետք է վճարի ավելի շատ՝ 180-ի փոխարեն՝ 191.4 դրամ: Այստեղ անբավարար է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքը, որը նախապես պետք է քններ Կառավարության սուբսիդավորման առաջարկը, պարզեր դրա չափն ու սուբսիֆդավորման տևողությունը, որի պարագայում ջրի սակագինն անհամեմատ էժան կլիներ»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց փորձագետը:
Ըստ Գրիգորյանի՝ եթե Կառավարությունը մինչև սակագնի փոփոխությունը նախապես առանձնացներ այն գումարի չափը, որը մեկ տարվա կտրվածքով կարող է բյուջեից հատկացնել, ջրի գինը էժան կլիներ, իսկ այդ քայլը չանելը ամենաքիչը սխալ պահվածք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ. «Կառավարության կողմից ջրի սակագնի ավելացված մասի սուբսիդավորումը, թե ինչքան կտևի, որևէ մեկը չի կարող ասել: Վստահ եմ՝ դա նախաձեռնելով, Կառավարությունը փորձում է ընդամենը հատել 2018 թվականի շեմը՝ փորձելով խուսափել սոցիալական պայթյունից կամ լրացուցիչ լարվածությունից: Այս քայլը որևէ այլ հիմնավորում չունի»,-ասաց Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ անհայտ է մնում, թե Կառավարությունը որտեղից է այդ գումարները հայթայթելու, քանի որ 2018թ.-ի բյուջով սուբսիդիայի մասին որևէ տող չկա:
«Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրենը խնդրահարույց է համարում նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքը, որն ամեն անգամ ձևական կողմը պահպանելով, փորձում է հասարակության աչքին ժողովրդի շահերը պաշտպանող կառույց երևալ. ««Վեոլիա Ջուր» ընկերությունը սակագինն ավելի շատ բաձրացնելու առաջարկ էր ներկայացրել, հայտն ավելի մեծ թիվ էր պարունակում, և այստեղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մի փոքր իջեցրեց այդ թիվը: Դե, դա իրենց ոճն է. փորձում են այդ թիվը մի փոքր իջեցնել և հայտարարել, որ ժողովրդին լավություն են արել»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ տնտեսությունում առկա մոնոպոլ իրավիճակն ու չավելացող աշխատավարձն ու թոշակը անխուսափելիորեն հասարակությանը մեկ քայլով մոտեցնելու են աղքատությանը:
Աղավնի Սուքիասյան