«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ալեքսանյանն ավելի շատ «գիդ» է, քան խմբի ղեկավար: Նա ընդունում է Իրաքից Հայաստան ժամանած բիզնեսմեններին, պաշտոնյաներին, պատիվ տալիս, զվարճացնում եւ այլն, իսկ արարողակարգային հանդիպումները վարում են խմբի շարքային անդամները:
Վեցերորդ գումարման ԱԺ-ում կրկին վերաբացված հայ-իրաքյան խումբը դեռեւս մեկ պաշտոնական հանդիպում է ունեցել՝ նոյեմբերի սկզբին հյուրընկալել է Իրաքի ներկայացուցիչների խորհրդի գործընկերներին, որից հետո Ալեքսանյանն ապահովել է այս խմբի «տուրը»՝ արդեն խորհրդարանից դուրս:
Ալեքսանյանի նախագահած հայ-իրաքյան խմբի անդամներն են Արման Սաղաթելյանը, Շիրակ Թորոսյանը, Արամ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Արսեն Միխայլովը, Սասուն Միքայելյանը, Կնյազ Հասանովը, Արման Սահակյանը, Արմենուհի Կյուրեղյանը եւ Հայկ Բաբուխանյանը: «Ղեկավար ասվածն ունի կազմակերպչական բնույթ, դուք ինչո՞ւ եք այդքան սեւեռվել»,- մեր հարցին նեղսրտած պատասխանեց Ռուստամ Մախմուդյանը եւ ասաց, որ ղեկավարի հարցը չի քննարկվել իրենց հետ, ինքը չի կարող մեր «անմեղ» հարցին պատասխանել, թե ինչու հենց Ալեքսանյանը պետք է ղեկավարի խումբը:
Փոխարենը նրա քուրդ գործընկեր Կնյազ Հասանովը գիտի պատճառը. «Դե, Ալեքսանյանն Իրաքի հետ կապ ունի՝ առեւտրի գծով»: Իսկ իր բիզնեսների գործերով պարբերաբար Իրաք այցելող Ալեքսանյանը չի պատրաստվում այց կազմակերպել, խմբին Իրաք տանել: «Հո մենք մանկապարտեզի երեխա չենք, ինքն էլ՝ դաստիարակ, որ տանի՝ ման տա»,- ասաց Մախմուդյանը: «Այդ հարցը չի քննարկվել»:
Հիշեցնենք, որ դեռեւս 2000 թվականին պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց հայ-իրաքյան բարեկամական հանձնաժողով: Եվ չնայած այն ժամանակ էլ միջազգային պատժամիջոցներ էին կիրառվում Իրաքի նկատմամբ, այդուհանդերձ, խմբի անդամներն իրենց գործունեության 4 տարվա ընթացքում 6 անգամ այցելել են Իրաք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում