«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախընտրական գործընթացների գլխին «ՔՊ»-ում հիմնականում կանգնած է Արարատ Միրզոյանը, թաղերում, տեղերում «ՔՊ» ռեյտինգայինների «տասովկաները» հիմնականում նա է իրականացնում։ Միրզոյանը, որն առաջադրվելու է Հարավ-արեւմտյան-Շենգավիթ ընտրատարածքում, իր վրա շատ վստահ է։
«Յոնջալախում, օրինակ, անցած ընտրություններին ինքը կրեց Ալեքսանյան Սամվելին»,- ասաց մեր աղբյուրը։ Սակայն Միրզոյանն անհանգիստ է նույն ընտրատարածքում առաջադրված ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի համար ու հանդիպումներ է ունենում տարածքի «ասողների» հետ, պարզաբանում, որ Արայիկը նախարար մարդ է, պետք է պատշաճ ձայներ հավաքի։ Ավելին, մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը նրանց թվում է, ովքեր ցանկանում են, որ Արայիկ Հարությունյանը դառնա ԱԺ նախագահ, սակայն վերջինիս ԱԺ նախագահ դառնալը վտանգի տակ է ոչ միայն այն պատճառով, որ «ՔՊ»-ում մի քանի հավակնորդ կա այս պաշտոնի համար, այդ թվում՝ գենդերային՝ Լենա Նազարյանը, այլեւ մի շարք «այլ» պատճառներով։
Ի դեպ, այս ընտրատարածքում է առաջադրվելու նաեւ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, որն այդ տարածքի բնակիչ է, սակայն «վայ թե իրեն իրենց շենքում էլ չեն ճանաչում»,- ասաց «ՔՊ»-ական մեր զրուցակիցը։ Հիշեցնենք, որ այդ տարածքի «ասողը» Լֆիկն է, եւ «ՔՊ»-ականները հույս ունեն, որ նա շոշափելի աջակցություն կցուցաբերի իրենց։
Ի դեպ, խոսակցությունները, թե այդ ընտրատարածքից առաջադրվելու է Լֆիկի եղբորորդի, նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանը, մեր աղբյուրները հերքեցին․ «Արտակը վաղուց Հայաստանում չէ»։ Սակայն հաստատեցին, որ, ըստ ամենայնի, այդ ընտրատարածքից կառաջադրվի Ալեքսանյանի փեսան՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը։ «Կորյունը Սամվելին երբեք չի ենթարկվել, գլուխը կախ՝ ինչ ուզում, անում է»,- ասաց մեր աղբյուրը»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում