Aravot.am Երեւան քաղաքի ավագանու անդամ, ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանի ամուսնու պապը' Գրիգոր Աղաբաբյանը Փակ շուկայի ճարտարապետն է եղել: Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստից հետո Aravot.am-ը տիկին Նահապետյանից հետաքրքրվեց, թե, որպես ավագանու անդամ երբեւէ հարց բարձրացրե՞լ է հասարակական հնչեղություն ստացած Փակ շուկայի վերակառուցման առնչությամբ: Նաիրա Նահապետյանին խնդրեցինք նաեւ մեկնաբանել, թե ինչ կարծիք ունի, որ շուկայի ՀՀԿ-ական սեփականատերը ոտնձգություն է արել հուշարձան հանդիսացող կառույցի նկատմամբ եւ արդեն երկու անգամ տուգանվել է:
Տիկին Նահապետյանն ասաց, որ այդ հարցը երբեք չի քննարկվել ավագանու նիստում, քանի որ դա սեփականատիրոջ իրավունքն է եւ Երեւանի քաղաքապետարանի. «Բայց ես տեղեկատվություն ունեմ, որ ճարտարապետը չի տվել իր համաձայնությունը»:Նաիրա Նահապետյանի խոսքերով. «Եթե պետությունը իրավասու լիներ եւ հնարավորություն ունենար ֆինանսապես վերանորոգելու, ընդհանրապես պետք չէր մեր պատմամշակութային կենտրոնները վաճառել:
Ինչ վերաբերում է շուկայի ներսի աշխատանքներին, ապա շուկան բավականին անմխիթար վիճակում էր եւ հիմա նոր կառույց է գեղեցիկ, բայց ես կարծում եմ, որ դահլիճը, ոնց որ սարքված էր Գրիգոր Աղաբաբյանի օրոք, պետք է մնար: Ցավում եմ, որ չի մնացել այն ճարտարապետական աշխատանքը, որ արել է Գրիգոր Աղաբաբյանը, բայց ես հուսով եմ, որ ինչ-որ ձեւով կկարողանանք գոնե պահպանել ճակատային մասը»:
Հեղինակ` Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Նաիրա Նահապետյանի հետ զրույցի մանրամասները' տեսանյութում