Շաքարավազի գնի նվազումը դեմպինգի արդյունք չէ։ Այդ կարծիքին է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ով մեկնաբանել է Հայաստանում շաքարավազի գնի իջեցման փաստը։ «Շաքարավազի գինը տատանվում է բորսայում եղած գնին համապատասխան։ Բայց ուրախալին այն է, որ այս շուկայում հայտնվում են նաև այլ ներկրողներ։ Կարևոր է ոչ այնքան ներկրման քանակը, որքան ներմուծողների մասնաբաժինը։ Եթե քանակը լիներ 100 հոգի, բայց նրանք բոլորն իրար հետ կազմեին 1-2 տոկոս, դա մեր կյանքում որևէ բան չէր փոխի»,– ասել է Գևորգանը։
 
Փետրվարի սկզբներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով, և հայտնվել 19-րդ հորիզոնականում: Այդպե՞ս է դա արդյոք և ինչ է իրականում կատարվում շաքարավազի շուկայում: վիճակագրությունը փաստում է, որ, եթե մի շուկայում նրա մասնաբաժինը նվազել է, ապա մյուսում ավելացել է։
 
Այսպես. շաքարավազի շուկայում 2017 թ. գործել է 85 տնտեսվարող, և Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերության մասնաբաժինը կազմել է 97 %, 2018 թ. այս շուկայի խաղացողների թիվը կրճատվել է 10-ով, իսկ «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինը դարձել է 92 %։ Շուկայի կենտրոնացվածությունը, կարելի է ասել, նվազել է, սակայն խիստ աննշան չափով, և Ալեքսանյանը շարունակում է պահպանել մենաշնորհային դիրքը: Բացի այդ, անգամ փորձագետներն են փաստում, որ շաքարավազի ներկմամբ զբաղվող «Ալեքս Գրիգը» մանրածախ վաճառքն իրականացնում է մեծածախի գնով։ Այս առումով ընկերությունն ունի մրցակցային առավելություն, իսկ նոր խաղացողները չեն դիմանում մրցակցությանը: Եվ չնայած այդ հանգամանքին, ՏՄՊՊՀ պետը, ում բուն պարտականությունների մեջ մտնում է մենաշնորհային դրսևորումների դեմ պայքարը՝ ստանձնում է Սամվել Ալեքսանյանին փաստաբանի դերը:
 
Ընդհանրապես , տպավորություն է ստեղծվում, որ հետհեղափոխական Հայաստանում ամենա լավը ընթանում են հենց Սամվել Ալեքսանյանի գործերը, վերջինիս լավ աչքով է նայում ՊԵԿ-ը, վերջինս ավելի քիչ հարկեր է սկսել վճարել, փոխարենը գրեթե կառավարության յուրաքանչյուր նիստի նրա ընկերությունները արտոնություններ են ստանում: Տեսնես ինչպե՞ս է ստացվում, որ մեկը, ում երկու տարի առաջ անվանում էին ՀՀԿ ֆինանսական կտուր, այսօր արդեն նոր իշխանությունների աչքի լույսն ու «զոնտիկ բռնողն» է: Տեսնես իրավիճա՞կ է փոխվել, թե պարզապես Ալեքսանյանը ինչպես նախկինում , հիմա էլ մուծվում է ու հանգիստ ապրում: