Երբ տարիներ առաջ Հայաստանում Սամվել Ալեքսանյանը շաքարի գործարան էր բացում, համապատասխան ոլորտի պատասխանատուներն ի լուր աշխարհի հայտարարում ու վստահեցնում էին, թե այդ գործարանը նոր էջ է բացելու Հայաստանի գյուղատնտեսության պատմության մեջ. շաքարի ճակնդեղը մի ամբողջ ոսկու արժեք է ունենալու՝ դառնալով ամենաեկամտաբեր մշակաբույսը Հայաստանում: Գյուղացիներից շատերն էլ, հավատալով հնչող հավաստիացումներին, հատկապես Շիրակի մարզում՝ սկսեցին շաքարի ճակնդեղ ցանել՝ հույսով, որ արյուն-քրտինքով աճեցրած իրենց բերքից կստանան ակնկալածը, աշխատանքը ջուրի չի ընկնի: Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ գյուղացիներին փաստացի խաբել էին. այսօր շաքարի ճակնդեղ աճեցնող մարդիկ կանգնած են փաստի առաջ, միայնակ՝ իրենց խնդիրների հետ, իսկ պետությունն էլ, դատելով, ասենք, նույն Իգնատի Առաքելյանի՝ Շիրակի մարզում հնչեցրած հայտարարությունից, տառացիորեն թքած ունի գյուղացիների խնդիրների վրա. «Պետությունը գործարարի կողքին պետք է լինի» լոզունգն Իգնատի Առաքելյանը կարծես  այնքան էլ ճիշտ չի ընկալել:

Այսպես՝ հարցին, թե ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանը չի կատարում իր խոստումը և գյուղացիներից չի գնում շաքարի ճակնդեղ, ՀՀ գյուղատնտեսության նախարարն ուղղակի անգերազանցելի պատասխան էր տվել՝ հայտարարելով. «Եթե Ալեքսանյանը գնում է մի բան, ապա դրա արտադրանքը պետք է իրացնի: Եթե շուկայում կա ավելի էժան արտադրանք, Ալեքսանյան Սամվելն առնի ու չիրացնի, ի՞նչ անի: Եթե Բրազիլիայից ներկրում է, ուրեմն՝ ձեռնտու է: Ներմուծումը եթե ձեռնտու է, ուրեմն՝ միշտ ներմուծելու է, դրա մեջ վատ բան չկա: Ճակնդեղը եթե թանկ է, արտադրեն՝ ի՞նչ անեն»: Համաձայնե՛ք՝ ավելի «հիմնավորված» պատասխան դժվար կլիներ ակնկալել մեկից, ով ի պաշտոնե կոչված է նախևառաջ դառնալու հանրային շահի արտահայտիչն ու պաշտպանը, պաշտպանը մանավանդ հայ գյուղացիության:

Իսկ հիմա՝ հարց նախարարին. եթե պետությունը միանգամայն բնական է համարում  Ալեքսանյանի վարքագիծը՝ դրսից շաքարի ճակնդեղ ներմուծելն այն պարագայում, երբ դրանից աճում է նաև, ասենք, նույն Շիրակի մարզում, ապա էլ ո՞րն է պետության սոցիալական առաքելությունն այս ամենում: Եթե նույնիսկ տեղական հումքի հիման վրա չենք կարողանում արտադրություն կազմակերպել ու Հայաստանում աշխատող գործարանի համար անհրաժեշտ հումքը ներմուծում ենք լատինաամերիկյան երկրից, ապա էլ ինչո՞ւ էին մարդկանց հույսով անում, թե շաքարի ճակնդեղ ցանեք, իրացնելու հետ կապված խնդիր չեք ունենա: Հիմա իր ողջ ապագան այդ ճակնդեղի հետ կապած հայ գյուղացին ի՞նչ է անելու ստացված բերքը, ինչպե՞ս է փակելու բանկային վարկերի տոկոսներն ու հետն էլ ապրելու այն պարագայում, երբ մի ողջ պետություն՝ սեփական առաքելության ելակետ է ընդունում, դիցուք, Սամվել Ալեքսանյանի բիզնես շահը: Մի՞թե, իրոք,  հնարավոր չէ շաքարի արտադրության մեջ գոնե մասնակիրորեն ներգրավել նաև տեղական հումքը, թե՞ Ալեքսանյանը կնեղանա ու հաջորդ ընտրություններին էլ փող չի բաժանի...

Ցավոք, հայաստանյան գյուղատնտեսությունում ստեղծված փակուղային իրավիճակը հանգեցնում է այն մտքին, որ հետզհետե Իգնատի Առաքելյանի կողմից զբաղեցրած պաշտոնը դառնում է ավելորդ, գյուղնախարարությունն է դառնում պորտաբույծ կառույց, որը, բացի կողքից իրավիճակին հետևելուց, ուրիշ ոչինչ չի կարողանում ձեռնարկել: Հարց՝ հանրությանը. իմաստ ունի՞ արդյոք հարկատուներիս հաշվին պահել մի կառույց, որի ղեկավարի կյանքի առաքելությունը առկա խնդիրների գոյությունը ոչ թե դադարեցնելն է, այլ արդարացնելը: Կարծում ենք՝ անիմաստ է...

 Դավիթ ԲԱԲԱՆՈՎ