ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ 4 միլիարդով ավելացել է պահուստային ֆոնդը, քանի որ 2018թ.-ին նախատեսված են բավական շատ միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնել չնախատեսված ծախսերի:
Իհարկե, հազար ու մի չնախատեսված ծախսեր կարող են լինել, հատկապես մի երկրում, որտեղ տնտեսական համակարգը կաղում է միանգամից երկու ոտքով: Միևնույն ժամանակ, կառավարության վերջին չնախատեսված ծախսը կապված է «Վեոլիա Ջրի» կողմից ջրի սակագնի բարձրացումը սուբսիդավորելու հետ: Այն, որ թանկացումները 2018-ին համատարած են լինելու՝ փաստ է: Ակնհայտ է նաև, որ կառավարությունը չի կարող իրեն թույլ տալ սոցիալական բունտ կոչված ճոխությունը, հետևաբար, անհրաժեշտ է նախապես քայլեր ձեռնարկել՝ ֆորս-մաժորային իրավիճակը հնարավորինս մեղմելու համար: Ավելի մեծ եւ լայնածավալ թանկացումների մի ալիք էլ սպասվում է եկող տարեսկզբից, երբ կիրառության մեջ կմտնի նոր Հարկային օրենսգիրքը, ինչպես նաեւ շուրջ 800 անուն ապրանքների՝ երրորդ երկրներից ներկրումների մաքսատուրքերը կհավասարեցվեն ԵԱՏՄ դրույքաչափերին: Այսինքն՝ Հայաստանի սպառողն այլեւս պարտադրված կլինի կա՛մ միայն ռուսական անորակ ապրանք սպառել, կա՛մ էլ մի քանի անգամ ավել վճարել, քան նախկինում: Բացի այդ, Հայաստանում եղել են այնպիսի դեպքեր, երբ ծառայություններից մեկի թանկացումը հանգեցրել է այլ ոլորտների շղթայական ռեակցիայի:
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց 2018-ին գազի սակագինն անփոփոխ թողնելու վերաբերյալ: Հոկտեմբերի վերջին, Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ 2018թ. նույնպես գազի գինը մնալու է 150 դոլար: Դրանից հետո ռուսական մամուլում պարբերաբար կարելի է հանդիպել հրապարակումների, որտեղ բաց տեքստով խոսվում է, թե ՌԴ-ն հաշվարկում է, որ իրենց մատակարարած գազի ծավալները տարիների ընթացքում կավելանան: Առաջիկա տարիներին դժվար թե արտադրության այնպիսի աճ ունենանք, որ դա նպաստի գազի սպառման ծավալների աճին: Ստացվում է՝ միակ տարբերակն է լինելու՝ գազի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ավելացումը: Իսկ այս դեպքում ռուսական գազը էլեկտրաէներգիայի պետք է վերածի Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, որի արտադրած հոսանքն ամենաթանկն է: Ո՞վ կարող է բացառել այն սցենարը, որի դեպքում ռուսական կողմի ակնկալած՝ գազի սպառման ավելացման պատճառով ՀԷՑ-ը հենց Հրազդանի ՋԷԿ-ից թանկ էլեկտրաէներգիա գնի ու վաճառի մեզ: Այդ դեպքում՝ ՀԷՑ-ն ինչ-որ պահի ստիպված է լինելու բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Եվ հենց այստեղ կառավարության կողմից չնախատեսված ծախսերի մասին խոսակցությունն ավելի քան իրատեսական են դառնում: Չէ՞ որ այդ պարագայում կառավարությունը նորից ստիպված է լինելու սուբսիդավորել՝ այս անգամ էլ էլէներգիայի թանկացումը, սոցիալական լարվածությունից խուսափելու համար: Առջևում այդքան կարևոր 2018-ն է, և իշխանությունները ռիսկի գնալու որևէ ցանկություն չունեն:
Ստելլա Խաչատրյան