Եվրոպայում գազի ֆյուչերսների գինը հասել է նոր պատմական առավելագույնին՝ գերազանցելով հազար խորանարդ մետրը 1600 դոլարը, վկայում են ICE Futures բորսայի աճուրդների տվյալները։
Աճուրդների բացումից արդեն մի քանի րոպե հետո հոլանդական TTF (ամենալիկվիդային եվրոպական հաբը) ինդեքսով նոյեմբերյան ֆյուչերսները հասան 1596,8 դոլարի, իսկ հետո գերազանցեցին հերթական հոգեբանական նիշը՝ հասնելով 1607,2 դոլարի։ Սա 15,5 տոկոսով բարձր է երեքշաբթի օրվա հաշվարկային գնից։
Նախորդ ռեկորդը աճուրդներում գրանցվել էր նախօրեին՝ գները բարձրացել էին մինչեւ 1456,8 դոլար, բայց աճուրդների փակման ժամանակ մի փոքր իջել էին՝ 1417,7 դոլար։
Գազի արժեքը եվրոպական շուկայում վերջին շաբաթներին բարձրացել է. եթե օգոստոսի սկզբին վառելիքի մատակարարման արժեթղթերը սակարկվում էին հազար խորանարդ մետրը 515 դոլարի մակարդակում, ապա մեկ ամիս անց դրանք բարձրացան մինչեւ 614 դոլարի, իսկ սեպտեմբերի վերջին կրկնակի թանկացան։
Փորձագետների կարծիքով՝ դա պայմանավորված է գազապահեստարանների հագեցածության ցածր մակարդակով, հիմնական մատակարարների կողմից առաջարկի սահմանափակմամբ եւ Ասիայում հեղուկացված բնական գազի բարձր պահանջարկով։