«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այս տարվա հոկտեմբերին կտրուկ ավելացել է Հայաստանից կապիտալի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ մասնավոր փոխանցումների միջոցով ՀՀ-ից հոկտեմբերին դուրս է բերվել 115 մլն 706 հազար դոլար: Սա վերջին մի քանի տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշն է, ընդ որում, վերջին ամիսներին կապիտալի արտահոսքը գնալով ավելացել է: Ի դեպ, Հայաստանից արտերկիր փոխանցված գումարներից ամենաշատը դեպի Ռուսաստան փոխանցումներն են: Ընդհանուր ՌԴ է փոխանցվել 43 միլիոն 696 հազար դոլար:

Նշենք նաեւ, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով ընդհանուր արտերկիր է փոխանցվել 814 մլն 218 հազար դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 641 մլն 139 հազար դոլար: Հայաստանից արտերկիր փոխանցումների կտրուկ աճի արդյունքում արտերկրից ստացված տրանսֆերտների դրական տարբերությունը կտրուկ նվազել եւ կազմել է ընդամենը 47.3 մլն դոլար՝ անցած տարվա 60.4 մլն դոլարի դիմաց: Ի դեպ, այս տարվա տասն ամիսների արդյունքներով տրանսֆերտների ընդհանուր չափը կազմել է 583 միլիոն 503 հազար դոլար, անցած տարի այդ ցուցանիշը եղել է 556 միլիոն 540 հազար դոլար»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: