Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից կապիտալը դուրս բերելու տեմպերը 2018թ.-ին հասել են ռեկորդային ցուցանիշների։ Այդ մասին վկայում է Կենտրոնական բանկի վիճակագրությունը։ 2018թ.-ին քաղաքացիները բանկերի միջոցով Հայաստանից արտասահման են տեղափոխել 1 միլիարդ 188 միլիոն 396 հազար դոլար։ Դա 2004թ.-ից ի վեր առավելագույն ցուցանիշն է (ԿԲ կայքում վիճակագրական տվյալները մեջբերվում են սկսած հենց այդ ժամանակից)։ Մինչև այս տարի դուրս բերված կապիտալի առումով ռեկորդակիր է համարվել 2008թ.-ը։ Այդ ժամանակ արտասահման է տարվել 1,124 միլիարդ դոլար։ Վերադառնանք 2018թ.-ին։ Բարձր ցուցանիշներ են արձանագրվել արդեն հունվարին, իսկ փետրվարից սեպտեմբեր (բացի հունիսից) ամենամսյա արտահոսքը տատանվել է 90-10 միլիոն դոլարի սահմաններում։ 2017թ.–ին (նույն շրջանում) այդ ցուցանիշը կազմել է միջինում մոտ 78 միլիոն։ Կտրուկ պոռթկում է տեղի ունեցել 2018թ.-ի հոկտեմբերին (121 միլիոն), նոյեմբերին (114 միլիոն) և դեկտեմբերին (123 միլիոն դոլար)։
 
Ստացվում է՝ հերթական անգամ պայթում է այն փուչիկը, որը նոր իշխանությունները քարոզչական նպատակներով ցանկանում են հրամցնել հասարակությանը: Հեղափոխությունից հետո վստահությունը չի ավելացել, ավելին՝ ահագնացող տեպմերով նվազում է և հենց դրա մասին է վկայում կապիտալի՝ նման ծավալի հասնող արտահոսքը: Կապիտալը դժվար թե մնա մի երկրում, որի վարչապետը Հանրապետության հրապարակի հարթակից բանկային գաղտնիք է հայտնում:
 
Դժվար թե մնա մի երկրում, որտեղ լուրջ քննարկում է գնում մեծահարուստների ունեցվածքի 70 տոկոսը բռնագանձելու մասին: Օտարերկրյա ներդրումների մասին էլ կարելի է մոռանալ, քանի որ տվյալ պայմաններում անգամ տանզանիացի ներդրողը տասը կչափի և այնուհետև նոր որոշում կկայացնի՝ գա՞լ բոլշևիկյան Հայաստան բիզնես անելու, թե՞ հայրենի ջունգլիներում բիզնեսն ավելի պաշտպանված է…