Արցախ այցելած չորս թուրք մտավորականների դեմ հետաքննություն սկսելու Ադրբեջանի գլխավոր դատախազության պահանջը Թուրքիան բավարարել է: Հետաքննությունն անձամբ վարել է Ստամբուլի գլխավոր դատախազի տեղակալը: Դրա ավարտից հետո որոշում է կայացվել դատական գործ հարուցել թուրք գործիչների նկատմամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թուրք-ադրբեջանական դավադրության թիրախում հայտնված թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլուն:
«Մենք օգտագործել ենք ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը մարդու հիմնարար ազատություններից մեկն է: Ադրբեջանի կառավարությունը մեզ կալանավորելու որոշում է կայացրել, ավելին, ճանապարհորդելու մեր ազատությունը սահմանափակելու նպատակով, որպես գործիք օգտագործելով Ինտերպոլը, մեր դեմ կարմիր ծանուցում է փորձում հանել»,- նշեց թուրք մտավորականը:
Նա հիշեցրեց, որ «առանց ադրբեջանական կողմի թույլտվության» Արցախ այցելելու համար Ադրբեջանի կառավարությունը հետաքննություն էր սկսել և պահանջել էր դրա շրջանակում Թուրքիայի իշխանություններից մտավորականներից ցուցմունք վերցնել: Այդ գործը Ստամբուլի գլխավոր դատախազի տեղակալն անձամբ է ստանձնել:
«Որքան հասկացա լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներից, սկսված գործընթացի արդյունքում մեր դեմ դատական գործ է հարուցվել: Այդ մասին մենք դեռևս ծանուցում չենք ստացել: Դատական գործ հարուցվելու մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերից դատելով կարելի է հասկանալ, որ Թուրքիան և Ադրբեջանը նման միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու Լեռնային Ղարաբաղ այցելությունները»,- նշեց Չեթինօղլուն՝ հիշեցնելով, որ Թուրքիայի ԱԳ նախարարը նախկինում ևս հանդես է եկել նմանօրինակ հայտարարություններով:
Մտավորականը, սակայն, առնվազն տարօրինակ համարեց թուրքական կողմի նման գործելաոճը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Թուրքիան է օկուպացրել Կիպրոսի հյուսիսային հատվածը: Նրա խոսքով՝ եթե իրենց դեմ դատական գործ է հարուցվում ԼՂ այցելելու համար, ապա նույնը պետք է կիրառվի այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» այցելող Թուրքիայի քաղաքացիների համար: «Սկսված գործընթացը կարող է ավարտվել նրանով, որ Թուրքիայի Հանրապետության միլիոնավոր քաղաքացիների դեմ «օկուպացված տարածքներ առանց թույլտվություն մուտք գործելու համար» դատական գործեր կհարուցվեն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում եզրափակեց Չեթինօղլուն՝ նշելով, որ թուրքական կողմի սկսած գործընթացը տհաճ հետևանքներ կարող է ունենալ հենց Թուրքիայի համար:
Ադրբեջանը քրեական գործ էր հարուցել չորս թուրք մտավորականների դեմ, ովքեր սեպտեմբերի 22-ին այցելել էին Արցախի Հանրապետություն: Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն, ակտիվիստ, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուն, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրասը և գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթըրջըօղլուն «անօրինական հատել են Ադրբեջանի սահմանը»: Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318.2 հոդվածով (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում): Թուրք մտավորականներին կալանավորելու մասին որոշում է ընդունվել:
Բացի այդ, թուրք մտավորականների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Թուրքիայի իրավապահ մարմիններին ուղարկվել է հատուկ գրություն՝ նրանց ձերբակալելու և պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Արաքս Կասյան