Էրեբունի վարչական շրջանի համար 70, այսուհետ «Լապտերիկ» մանկապարտեզը հիմնանորոգված եւ նոր գույքով կընդունի իր 197 սաներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ բացեցին հիմնանորոգված մանկապարտեզը: Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ հիմնանորոգված մանկապարտեզում ամենուր նրա ձեռագիրն էր: Ամեն ինչ ստեղծված էր երեխաների օրը հեքիաթ դարձնելու համար' նոր գույք, պատերից կախված գունազարդ նկարներ, գորգեր, խաղալիքներ: Առաջին տիկինը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ ուրախ է ավելի շատ ոչ թե երեխաների, այլեւ ծնողների համար: «Մենք գիտենք, ծնողը հանգիստ է այն ժամանակ, երբ գիտի, որ իր բալիկը լավ պայմաններում է ապրում: Ինչու եմ ասում ապրում, մեծանում, որովհետեւ օրվա ամենամեծ մասը նրանք անցկացնում են այս շենքում»,-ասաց նա:
Տիկին Ռիտայի համար ամենաբարձր գնահատականը ծնողների գոհունակությունն է: «Մանկապարտեզի սաներից մեկի հայրիկը մոտեցավ ինձ եւ ասաց. տիկին Ռիտա մեր մանկապարտեզի վրա գրված է համար 70, բայց ես առաջարկում եմ լինի համար մեկ, որովհետեւ սա արդեն Երեւանում ամենալավ մանկապարտեզն է, համար մեկ մանկապարտեզն է, ու ինձ համար սրանից բարձր գնահատական չկա, դա ամենաբարձր գնահատականն է»,-ասաց նա:
«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանի խոսքով' 1989 թվականին հիմնադրված մանկապարտեզը երբեք չէր վերանորոգվել: «Մեր մանկապարտեզը շատ անմխիթար վիճակում էր, չեմ կարող անգամ նկարագրել, բայց հիմա հեքիաթային աշխարհի է վերածվել: Սա երազանք է, որ կատարվել է այսօր»,-ուրախությամբ նշեց նա:
Երեւանի քաղաքապետարանը մանկապարտեզին 778 կտոր գույք է նվիրաբերել, բարեկարգել է բակը, տեղադրել զրուցատաղավարներ եւ խաղեր:
Երեւանի համար 70 մանկապարտեզը ներգրավվել էր «Լույս» եւ «Բիայնա» բարեգործական հիմնադրամների վերանորոգման 2017 ծրագրում: Նախադպրոցական այս հաստատությունում գործում է 6 խումբ: Երեխաների հետ տարվող կրթադաստիարակչական աշխատանքներն իրականացնում է 28 աշխատող: