ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը Երևանում բացվեց «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքը:

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նկատեց, որ վերը նշված շենքի բացումը իրականություն չէր դառնա, եթե չլիներ երեխաների ծնողների աջակցությունը: «Մենք արդեն ունենք դպրոց, սակայն այս ամենը դեռևս մեր ձեռնարկած գործի սկիզբն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեզ սիրով տրամադրել է նաև մեր կենտրոնի հարևանությամբ գտնվող այս շենքը, որը հիմնանորոգման կարիք ունի:

 

 

Ես հուսով եմ, որ մեր լավ բարեկամների' Երևանի քաղաքապետարանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Առողջապահության նախարարության և Կրթության և գիտության նախարարության աակցությամբ, կիրականացնենք նաև այդ ծրագիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Ռիտա Սարգսյանը և հավելեց, որ հետագայում վերը նշված շենքը պետք է ծառայի իբրև արհեստանոց, որտեղ պետք է աշխատեն դպրոցի շրջանավարտները:

 

 

«Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնը կիրառում է աուտիզմով երեխաների համար առաջատար երկրներում ընդունված թերապիա, որի նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ կրթության և զբաղվածության համար:

 

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատեց, որ շատերը թերահավատորեն էին վերաբերում այս կենտրոնի բացման հեռանկարին, սակայն ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ, մի խումբ սրտացավ մարդկանց, կազմակերպությունների շնորհիվ այն իրականություն դարձավ: «Շատ կարճ ժամանակում վերանորոգված կենտրոնը արդեն պետք է ընդունի իր սաներին, և, որպես Երևանի քաղաքապետ, ես վստահեցնում եմ, որ մենք մեր լիազորությունների շրջանակներում աջակցելու ենք «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտր ոնին»,- շեշտեց նա' ընդգծելով, որ ինքը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել է վերը նշված կենտրոնի ընդլայնման հարցը. այն դրական լուծում է ստացել:

 

 

Իր հերթին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն նշեց, որ այս ծրագիրը միավորել է պետական, հանրային և համահայկական կառույցներին: «Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նախագծի հեղինակներին և հատկապես ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, քանի որ եթե չլիներ նրա ձեռքն այս ծրագրի իրականացման զարկերակի վրա, ապա այն իրականություն կդառնար, սակայն ոչ այսքան շուտ»,- շեշտեց Աշոտյանը:

 

 

Վերը նշված ուսումնավերականգնողական կենտրոնը 2014 թվականի նոյեմբերին իր դռները բացել է 105 երեխաների առջև: Կենտրոնի աշխատակազմի և այնտեղ հաճախող երեխաների ծնողները փաստում են, որ հաճախումների շնորհիվ իրենց երեխաների մոտ նկատելի առաջընթաց է արձանագրվել ոչ միայն գիտելիքների ձեռքբերման, այլև ինքնասպասարկման ու սոցիալականացման առումներով: Կենտրոնի սաներից 14-ն արդեն զուգահեռ հաճախում են հանրակրթական դպրոց: Կենտրոնի ուսումնական ծրագիրն իրականացնում է «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

 

 

«Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» հիմնադիր, հոգեբանական գիտությունների դոկտոր Այրա Պաուլ Հեյլվեյլը նշեց, որ այս ծրագիրը շատ կարևոր է աուտիզմով երեխաների համար: «Ամբողջ աշխարհում աուտիզմի խնդիրը շատ արդիական է և նմանատիպ կենտրոնների հիմնումը հնարավորություն է տալիս այդ հիվանդությունը ունեցող մարդկանց ստանալ որակյալ թերապիայի հնարավորություն, ինչը շատ կարևոր է»,- հայտնեց նա:

 

 

«Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնի բացմանը ներկա էին նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և այլ անձիք:

 

 

Աուտիզմը զարգացման նյարդաբանական բարդ խանգարում է: Այն ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Աշխարհում ներկայումս 88 երեխայից 1-ն ունի աուտիզմ: Այն ավելի հաճախ է հանդիպում, քան շաքարային դիաբետը կամ քաղցկեղը: Մինչ այսօր աուտիզմի առաջացման հնարավոր պատճառները դեռ հստակ հայտնի չեն:

 

 

Աշխարհում մի շարք խոշոր կազմակերպություններ ամեն տարի ապրիլի 2-ին և ամբողջ տարվա ընթացքում կազմակերպում են զանազան միջոցառումներ: Այդ միջոցառումներից ամենագրավիչը «Աուտիզմ Ապիկս»-ի «Կապույտ լույս վառենք» նախաձեռնությունն է, որի շրջանակներում ապրիլի 2-ի գիշերը տարբեր նշանակալից շենքեր ու կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով: Արդեն երկրորդ տարին է Հայաստանը միանում է վերը նշված համաշխարհային նախաձեռնությանը: Այս տարի ևս ապրիլի 2-ի երեկոյան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով և Ազատության հրապարակում իրազեկման նպատակով հանրությանը բաժանվելու են տեղեկատվական թերթիկներ: