ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը վնասակար է տարածաշրջանի անվտանգության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:
«Ձգձգված հակամարտություններում առաջընթացի բացակայությունը Վրաստանում, Մոլդովայում և Լեռնային Ղարաբաղում շարունակում է վտանգել ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությունը»,- նշել է նա:
Լինկյավիչուսը ողջունել է 2018 թվականին Իտալիայի նախագահությունը՝ ցանկանալով հաջողություններ գալիք տարվա մարտահրավերների հաղթահարման հարցում:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը:
Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննայում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: