«Հայաստանի նկարիչների միությունն ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ 2017 թվականին, ունեցել է և ունի ֆինանասավորման հայթայթման խնդիր: Ամեն տարի տարբեր երկրներում կայանում են միջազգային հանդիպումներ, որոնց մասնակցության համար մեզ հրավերներ են ուղարկվում, իսկ մենք չենք կարողանում մասնակցել, քանի որ միությունը պարտավոր է սեփական միջոցներով ապահվել մասնակցության համար անհրաժեշտ գումարները, ինչը չունենք»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
ԼՈւՐԵՐ.com -ը միության ղեկավարից հետաքրքվեց՝ արդյոք նման միջազգային ցուցահանդեսների մասնակցելու համար մշակույթի նախարարությունը չի՞ աջակցում հայ նկարիչներին: Ըստ Կարեն Աղամյանի՝ պետական աջակցություն պահանջել չեն կարող, քանի որ միությունն ունի հասարակական կազմակերպության կարգավիճակ, և բավարարվում են նրանով, ինչ նախարարությունը սեփական ցանկությամբ կատարում է. «Օրինակ՝ հինգ տարին մեկ անգամ հրատարակում ենք գիրք, որտեղ զետեղված են մեր միության անդամների կյանքի և ստեղծագործությունների մասին հարուստ տեղեկություններ: Չորս միլիոն դրամ է պետք այդ գրքի հրատարակման համար: Այս տարի անհրաժեշտ գումարի մեկ միլիոնը հատկացրել է Մշակույթի նախարարությունը: Իհարկե, դրա համար էլ ենք շնորհակալ, սակայն հասկանալի է չէ՞, որ շատ քիչ է և գումարի մյուս հատվածը պարտավոր է միությունն իր սեփական միջոցներով հայթայթել»:
Կարեն Աղամյանը, խոսելով նկարիչների միության անդամ նկարիչների ստեղծագործությունները դրսում ներկայացնելու, ART բիզնեսի մեջ ակտվորեն ներգրավվելու մասին, նշեց, որ ցանկացած միջազգային ցուցահանդեսի մասնակցելու համար նվազագույնը 40-50 հազար դոլար է պետք, որը միությունը չունի, հետևաբար, շատ առաջարկներ դրսից մերժում են:
«Նկարների հավաքածուների սիրահարները, որպեսզի գնեն հայ նկարիչների գործերը, նախ ուսումնասիրում են, թե այդ գործը քանի միջազգային ցուցահանդեսի է մասնակցել: Որքան մասնակցության թիվը բարձր է, այնքան այդ նկարի արժեքը բարձր է: Հիմա, եթե մեր նկարիչներն այդ ցուցահանդեսներին չեն մասնակցում, բնական է, որ նաև նրանց գործերը չեն կարող վաճառվել: Հայաստանը նոր է փորձում ART բիզնեսի մեջ մտնել, նկարիչների միությունն անդամակցում է Եվրոպական նկարիչների միությանը, որից ուղարկված ոչ բոլոր հրավերներին ենք կարողանում մասնակցել: Սսակայն, քանի որ չկա պետական մտածողություն, արվեստի նկատմամբ ուշադրություն և արվեստով փող աշխատելու ցանկություն, ուստի միայն մեկենասների միջոցներով անհնար է հայ նկարիչների գործերը հանրայնացնել, աշխատել աշխարհի լավագույն պատկերասրահների հետ, ինչը հնարավորություն կտար մեծ գումարներով վաճառել հայ նկարիչների արժեքավոր գործերը: Ես բազմիցս առաջարկել եմ օրինակ օղու և ծախախոտի եկամտի 1 կամ 2 տոկոսը հատկացնել արվեստին, սակայն առաջարկս մշտապես մերժվել է, մինչդեռ աշխարհում հենց այդպես են անում»,- ասաց նա:
Աղավնի Սուքիասյան