Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ կառավարությունն ապագայում կյանքի է կոչելու բոլոր խոստումները: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ չի եղել մի կետ, առաջարկ, որոնց վերաբերյալ կառավարությունը պայմանավորվել է և չի իրականացրել:
«Մենք ոչ իշխանական ուժերի հետ խոսում ենք, բանակցում ենք, շփվում ենք, և ես համոզված եմ, որ մենք ապագայում իրականացնելու ենք այն, ինչ խոստացել ենք: Որևէ հարց չի եղել, որ մենք պայմանավորվել ենք և չենք իրականացրել: Կարող են լինել նաև առաջարկներ, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածություն ձեռք չբերենք և նպատակահարմար չգտնենք դրանք իրականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե եռյակը պահանջում է, որպեսզի կառավարությունն առաջին հերթին քննարկի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը պատրաստ է քննարկել այդ հարցը: «Նրանք նույնիսկ առաջարկել էին, որ մենք սկսենք 10-րդ կետից, և մենք դրան էլ ենք համաձայնել:
Մենք կառուցողական ենք, ցանկանում ենք աշխատել ընդդիմության հետ: Դա մեր նպատակն է, որպեսզի միասին փորձենք ճիշտ որոշումներ կայացնել, իսկ եթե իրենք չեն ցանկանում մասնակցել, չեն ուզում քննարկել, այստեղ, կարծում եմ, մենք անելիք չունենք»,- եզրափակեց Աբրահամյանը: