Սահմանին Ադրբեջանի իշխանությունների սադրիչ գործողություններին համապատասխան հակահարված է տրվում սահմանը պահող զինվորների ու սպաների միասնական ջանքերով: Այս մասին Տավուշի մարզի զորամասերից մեկում զինվորների և սպայական անձնակազմի հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

 

«Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես պնդում ենք, որ մեր առջեւ դրված խնդիրները պետք է լուծենք խաղաղ բանակցությունների արդյունքում: Սակայն դա չպետք է լինի միակողմանի: Այդուհանդերձ, Ադրբեջանի իշխանությունները դեռ ողջամիտ վարքագիծ չեն դրսեւորում: Մենք ցանկանում ենք խաղաղություն, սակայն եթե մեզ պարտադրեն պատերազմ, շնորհիվ մեր զինվորի' մենք կտանք հակահարված ու կպաշտպանենք մեր հայրենիքը»,-նշեց Աբրահամյանը:

 

ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ շատ բարձր հիմքերի վրա է դրված համագործակցությունն Ազգային ժողովի եւ ՀՀ պաշտպանության նախարարություն միջեւ, ինչում իր մեծագույն ներդրումն ունի ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը: «Իհարկե, մենք խիստ կարեւորում ենք մեր սահմանը պահող-պահպանող զինվորի առօրյան, եւ իհարկե դա հանրության, հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է, պարբերաբար նման այցելություններ կազմակերպվում են: Մ ենք մեր պարտքն ենք համարում լինել ձեր կողքին, ծանոոթանալ խնդիրներին եւ փորձել աջակցել»,- ասաց ԱԺ նախագահը:

 

Հովիկ Աբրահամյանը հավատացրեց զինվորներին, որ իշխանությունները' ՀՀ նախագահի գլխավորությամբ, մշտապես նրանց կողքին են: Իհարկե, կան խնդիրներ' թե առօրյա եւ թե գլոբալ, որոնք պահանջում են նյութական մեծ միջոցներ եւ ժամանակ: «Համոզված եղեք, որ բանակը մշտապես մնում է երկրի ղեկավարի, Ազգային ժողովի եւ Կառավարության ուշադրության կենտրոնում: Յուրաքանչյուր տարի պետական բյուջեն քննարկելիս բանակի հետ կապված ցանկացած առաջարկ միանշանակ պաշտպանվում է, եւ այդ քաղաքականությունը շարունակական է լինելու»,- նշեց ԱԺ նախագահը:

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Օրենսդիրի ղեկավարի առաջին կանգառը մարզի զորամասերից մեկն էր, որտեղ նա ծանոթացավ զինվորների առօրյային, խնդիրներին: ԱԺ նախագահը, զորամաս այցելելիս, զինվորների համար նաեւ նվերներ էր բերել: