Պաղեստինում վերջին օրերին գրանցված բախումները հեռու են հայկական թաղամասերից:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը, եղել են բախումներ պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև:
«Այսօր իրավիճակը հանդարտ է, Երուսաղեմում մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով: Երեկոյան հատվածում տեղ-տեղ ցույցեր են լինում: Ասեմ, որ առանձնապես փոփոխություն չկա, իսրայելյան ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը, իսկ թե առաջիկայում ինչ զարգացումներ կլինեն, կդժվարանամ ասել: Այս խնդիրը կա մի քանի տասնամյակ, մարդիկ վարժվել են վայրիվերումներին: Մեզ համար նորմալ իրավիճակ է, սովորել ենք, միգուցե մեկ-երկու օր գործադուլ է լինում, սակայն կյանքի սովորական ընթացքը կրկին վերականգնվում է: Ինչ վերաբերում է հայ համայնքի դիրքորոշմանը, ապա ասեմ, որ մենք երկու կողմերի հետ էլ լավ հարաբերություններ ունենք»,-ասաց նա:
Երուսաղեմում բնակվում է շուրջ 1500 հայ: Նրանք ներգրավված են տարբեր ոլորտներում, շատերն ունեն իրենց սեփական բիզնեսը, խանութը, աշխատում են հյուրանոցներում, ֆինանսական կազմակերպություններում և այլն: