Ազատության ուղիղ եթերում՝ ֆոյսբուքյան ասուլիսի ժամանակ, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, հարցին, թե վախ չկա՞ «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման հետ կապված՝ պատասխանել է, որ պատվաստանյութը մեզ ոչ թե տրամադրել է ինչ-որ երկիր ու ստիպել այն պարտադիր կերպով գնել, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է առաջարկել։ «Պետք է փաստեմ, որ պատվաստվելուց հետո ոչ մի կողմնակի ազդեցություն չի հայտնաբերվել, բացի սրսկման տեղում ցավի զգացողությունից»,- ասել է նա: Բայց ահա ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին` պատրա՞ստ եք ստորագրել մի փաստաթուղթ, որ, եթե պատվաստումները կողմնակի ազդեցություն ունենան, Դուք քրեական պատասխանատվությունից չեք խուսափի, նախարարն անմիջապես փոխում է իր հուսադրող, լավատեսական հակումները և պատասխանում է. «Ես ոչ մի թուղթ չեմ ստորագրի, բայց կարող եմ ասել, որ պատվաստումն անհրաժեշտ է Հայաստանում»:
Այսինքն՝ պարտադրելիս՝ գերատեսչություններն անչափ ռիսկով են, սակայն երբ հարցը վերաբերում է պատասխանատվության ենթարկվելուն՝ ընդ որում՝ անձնական պատասխանատվության, միանգամից ընկրկում են: Սակայն սա Ալթունյանի միակ վրիպումը չէր: Պատասխանելով մարդու պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլ»-ով պատվաստումների վերաբերյալ քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ և ո՞ր տարիքում, ինչո՞ւ հենց 13, արդյո՞ք 13 տարեկանում արժե երեխային պատվաստել, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, փորձելով հիմնավորել հենց 13 տարեկան աղջնակներին պատվաստելը, ասել է. «Տասներեք տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչև առաջին սեռական փորձը, երբ դեռ վիրուսը չի հանդիպել: Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ աղջիկների 25 տոկոսը մինչև 15 տարեկանն արդեն ունեն այդ փորձը»: «Ազատության» լրագրողը զարմացած, կամ՝ թերևս կարծելով, թե նախարարը շփոթել է աղջիկների տարիքը, ճշտելու նպատակով հարցրել է` մինչև տասնհի՞նգ… Եվ ահա Լևոն Ալթունյանի հաստատումն ու պատասխանը.
«Մինչև 15, հետևաբար, մենք, որպեսզի մաքսիմալ արդյունք ստանանք, վերցրել ենք այդ տարիքը` 13 տարեկանը: Այդ տարիքը համահունչ է Համաշխարհային առողջապահական կազմակերպության խորհուրդներին` 12-14 տարեկան հասակում պատվաստել, ինչը և կիրառվել է Հայաստանում»: Նախ, ոչ թե Համաշխարհային առողջապահական կազմակերպության, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ): Սակայն սա չափազանց անմեղ վրիպակ է` նախարարի թույլ տված մյուս սխալների համեմատ: Ստացվում է, որ մեր մինչև 15 տարեկան աղջիկ երեխաների մինչև 25 տոկոսը կա՛մ անբարոյական է, քանի որ առանց ամուսնանալու, առանց ծնողների գիտության և նշված տարիքի հայ աղջիկների համար անթույլատրելի կերպով արդեն ինչ-որ տղամարդու հետ առնվազն մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել, կա՛մ էլ սեռական բռնության զոհ է…
Ստելլա Խաչատրյան