ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը հերքում է մամուլի տեղեկություններն այն մասին, թե իր և ՀՀԿ-ական գործընկեր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները վերջին շրջանում լարվել են. «Ստից խոսում են, չտեսա՞ք՝ մենք շատ մոտ ենք իրար հետ»:
Դիտարկմանը՝ մամուլը գրել է, որ իրենց հարաբերությունները վատացել են, քանի որ Սամվել Ալեքսանյանը չի թողնում, որպեսզի իր օղիներն արտահանի, Սարոյանը ասաց. «Հլը մի հատ ընձի նայեք, ընձի ո՞վ կարա թողի կամ չթողի»:
Սեյրան Սարոյանը հերքեց նաև լուրը, թե ինքը բիզնեսներ ունի. «Էսքան վախտ տեսած կա՞ք, որ ես բիզնես ունենամ, հավայի դուրս են տալիս»:
ԱԺ միջանցքում լրագրողների հարցախույզից չհաջողվեց խուսափել նաև Սամվել Ալեքսանյանին: Վերջինս իր և Սեյրան Սարոյանի վատ հարաբերությունների մասին հարցը լսելուց հետո դիմեց գեներալին. «Գեներա՛լ, տես՝ ինչ են ուզում, ցավդ տանեմ, ասում են՝ մենք իրար հետ լավ չենք»:
Ալեքսանյանը նաև հավելեց, որ իր և գեներալի հարաբերությունները շատ լավ են և այդպես էլ կմանան, եթե լրագրողները դրանք չխառնեն:
Սամվել Ալեքսանյանը նաև հերքեց իր ընտանիքին պատկանող սուպերմարկետների ցանցում թանկացումների մասին լուրը. «Ո՞վ ա թանկացնում»,-հարցին հարցով պատասխանեց Սամվել Ալեքսանյանը: