«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Պարզվում է` Մխիրթար Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավարությունը բարձրացրել է բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձերը, բայց ընտրողաբար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 30-40 տոկոսով բարձրացվել է աշխատակիցների մի մասի աշխատավարձը: Իսկ մյուսները շարունակելու են «յոլա գնալ» եղածով: Տեղի ունեցածը, բնականաբար, լուրջ մտահոգություն է առաջացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց հիվանդանոցի լրատվական ծառայություն, որտեղից ի պատասխան` նշեցին. «Համալսարանի ղեկավարության կողմից վերանայվում է համալսարանական հիվանդանոցային համալիրի աշխատակիցների վարձատրության չափը, եւ ներկա պահին փուլային տարբերակներով իրականացվում են որոշակի բարձրացումներ:
Առաջին փուլում հավելումների տեսքով բարձրացվել է հերթապահություն կատարող բժիշկների, քույրերի եւ մայրապետերի վարձատրության չափը՝ վերակենդանացման եւ վիրաբուժական բաժանմունքներում մոտ 30-40 տոկոսով: Մյուս բաժանմունքներում եւս աշխատավարձի հնարավոր հավելումների հարցը օրակարգում է եւ քննարկվում է բաժանմունքների ղեկավարների հետ՝ հաշվի առնելով ղեկավարության կողմից ներդրված որակական նոր չափանիշները եւ աշխատանքային ծանրաբեռնվածությունը»»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: