«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունն այս տարվա հունվարի 1-ից չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը: Նշենք, որ խոսքը երեք աշխատակցի աշխատավարձի մասին է: ՀՀ կառավարության 2018թ. օգոստոսի 2-ի 856-Ն որոշմամբ՝ սահմանված է, որ պաշտոնաթող նախագահի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ հաստատված նախահաշվի հիման վրա:
Ու, փաստորեն, Փաշինյանի կառավարությունը չի վճարել ՀՀ հիմնադիր նախագահի գրասենյակի աշխատակիցներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը հաստատեց այդ տեղեկությունները, սակայն պատճառները խորհուրդ տվեց ճշտել կառավարությունից: Վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանն էլ, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ խնդիրը զուտ տեխնիկական է: «Վարչապետի գրասենյակից պետք է համապատասխան գրություն գա աշխատակազմ, որը չի եկել: Դա ընթացակարգային խնդիր է»:
Նկատենք, որ մյուս երկու պաշտոնաթող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների աշխատակիցներին կառավարությունն այս ընթացքում փոխանցել է աշխատավարձերը, նրանք որեւէ խնդիր չեն ունեցել: Ի դեպ, ստեղծված իրավիճակն աննախադեպ է. անգամ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, չնայած Տեր-Պետրոսյանի հետ իշխանությունների հակասություններին, նրա գրասենյակը ֆինանսավորվել է՝ օրենքով հաստատված կարգով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում