Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թռչնամսի շուկայում իրականացված վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և սննդում օգտագործման համար ոչ պիտանի:
Ըստ տարածված տեղեկության՝ թռչնամիսը ներկրվել է Հայաստան Ռուսաստանից, Ուկրաինայից և Բրազիլիայից:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ թռչնամսում հայտնաբերված սալմոնելա և լիստերիա հարուցիչները օրգանիզմի համար խիստ վտանգավոր են:
Ըստ Պիպոյանի՝ ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ որքան էլ Հայաստանում սննդամթերքի անվտանգությամբ զբաղվող պետական կառույցները հայտարարեն, թե ամեն ինչ վերահսկողության տակ է, միևնույնն է, այս բացահայտումը խոսում է նրանց անգործության մասին.
«Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են իրականացնում այդ վերահսկողությունը մեր պատասխանատու այրերը, երբ նման խիստ վտանգավոր հարուցիչներով վարակված սնունդը հատում է Հայաստանի սահմանը: Պարզ է չէ՞, որ այս բացահայտումը հենց ՍԱՊԾ-ի անգործության մասին է վկայում»:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահն այն համոզմանն է, որ որքան էլ սպառողներին հանգստացնեն և հայտարարեն, որ այդ ոչ պիտանի թռչնամիսը շուկայից ետ են կանչել, սակայն, փաստ է, որ քաղաքացիներից շատերը դրանք արդեն սպառել են՝ վտանգելով իրենց առողջությունը. «Գաղտնիք չէ, թե քանի սալմոնելա հիվանդությամբ տառապող հիվանդներ կան Երևանում, վստահաբար, սա կբերի այդ թվի աճին»,-ընդգծեց Պիպոյանը:
Նշենք, որ ՍԱՊԾ համապատասխան վարչությունը մշտապես աչքի է ընկնում ներմուծվող մթերքների սահմանային վերահսկողության մասին հայտարարություններով:
Իրականում, սակայն, այսօրվա բացահայտումը հակառակն է ապացուցում. չէ՞ որ նման վերահսկողության պարագայում վտանգավոր, սառեցված հավերը չէին կարող ներմուծվել Հայաստան և հայտնվել վաճառասեղններին:
Աղավնի Սուքիասյան