Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը վերսկսում է պայքարը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն այսօր, լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ Հանուն գիտության զարգացման նախաձեռնության հայտարարությանը և ՊՆ-ին ուղղված մեղադրանքներին:
Նա ասաց, թե ուսանողները 1 առաջարկ էին ներկայացրել, որը մերժվել է, իսկ մյուս առաջարկն այդպես էլ չի ներկայացվել:
Արտակ Զաքարյանը նշեց՝ խմբի անդամների հայտարարությանը ծանոթ չէ, սակայն նշեց նաև, որ վերջին հանդիպումը Պաշտպանության նախարարի հետ է եղել և երիտասարդներին տրվել է հնարավորույթուն, որպեսզի ներկայացնեն հստակ առաջարկներ. «Մենք չենք ստացել առաջարկություններ: Ես ինքս կապ եմ հաստատել նրանց հետ և խնդրել, որ այս շաբաթվա մեջ ներկայացնեն առաջարկներ, որի համաձայն՝ հնարավոր կլինի կառավարության որոշմամբ առանձնացնել կրթության և գիտության ոլորտում աչքի ընկնող երիտասարդներին՝ տարկետման իրավունք տալու համար»,- նշեց փոխնախարարը՝ ավելացնելով, որ տարօրինակ է՝ երիտասարդները դրա համար երկար պայքարել են, բայց նախաձեռնություն չեն ցուցաբերում:
Փոխնախարարը նշեց՝ իրենք դեռևս սպասում են երիտասարդների առաջարկություններին. «Երկու առաջարկ են արել, որոնցից մեկը, մենք բացատրեցինք, որ հնարավոր չէ իրականացնել, որովհետև դա ընդհանրապես խաթարում է բանակը, իսկ մենք պատրաստ չենք բանակը խաթարելու: Իրենք էլ հասկացան: Մյուս առաջարկը վերաբերում էր որոշակի չափորոշիչներ սահնմանելուն. դրա շուրջ մենք երկար խոսել ենք երիտասարդների հետ: Այստեղ բանակցություն բառը սխալ է, քանի որ բոլորս մեկ նպատակի համար ենք գնում: Հիմա, փոխարեն երիտասարդներն առաջարկներ ներկայացնեն, հայտարարություններ են անում»:
Նրա կարծիքով՝ այդ հայտարարություններով խնդիրը չի լուծվելու. «Մենք միևնույնն է՝ օրենքով պարտավոր ենք սահմանել բոլոր չափորոշիրչները և մենք դա անելու ենք: Շատ լավ կլիներ, որ նրանք բերեին իրենց առաջարկները, և մենք ներառեինք դա:
Գիտե՞ք՝ այս ամենը մի տեսակ «կապրիզի» է նմանվում: Մենք հստակ բացատրել ենք, որ տարկետման իրավունքը չի վերանում, այն կա և նույնիսկ ընդլայնվում է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում»,- նկատեց փոխնախարարը: