Ինչպես տեղեկանում ենք datalex.am տեղեկատվական համակարգից, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցվել է հերթական դատական գործը:

«Հարսնաքար» ռեստորանում 2012թ. հունիսին սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հարազատները նոր քաղաքացիական հայց են ներկայացրել Ռուբեն Հայրապետյանի և գործով դատապարտված ևս 7 քաղաքացու դեմ:

Ըստ հայցադիմումի՝ պատասխանող Ռուբեն Հայրապետյանից Վահե Ավետյանի իրավահաջորդները պահանջում են կերակրողին կորցնելու արդյունքում պատճառված նյութական վնասի, տուժող Վահե Ավետյանի կյանքի իրավունքի և տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի և Էդգար Նիկոյանի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում:

Հայցադիմումն ընդունվել է վարույթ Ավան Նոր նորք վարչական շրջանի դատարանում այս տարվա դեկտեմբերի 13-ին, նախագահող դատավորն Արմենուհի Բադիրյանն է:

Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին մահացել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով՝ ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։